Ադրբեջանը փորձում է Դադիվանքի հայ հոգևորականներին փոխարինել Բաքվի ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականներով

167
Դադիվանք

Ադրբեջանը փորձում է հասնել նրան, որ Դադիվանքի հայ հոգևորականները փոխարինվեն Բաքվի ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականներով։

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի համոզմամբ՝ Ադրբեջանը միշտ փորձել է ու փորձելու է տարբեր լծակներ օգտագործելով՝ մեր հոգևորականներին հանել Դադիվանքից, բայց չի կարծում, թե դա նրան կհաջողվի։ Այդ մասին նա ասել է «Փաստինֆո»-ի հետ զրույցում։

«Դադիվանքում հայ հոգևորականների ներկայությունը նյարդայնացնում է Ադրբեջանին։ Պատերազմից հետո նրանք ամեն ինչ արել են, որ մեր հոգևորականներին հանեն այնտեղից․Դադիվանք են բերել ուդիներ, ազգային այլ փոքրամասնություններ, բայց ռուսական կողմը շատ լավ գիտի, որ Դադիվանքը հայկական վանական համալիր է և չեմ կարծում, թե քաջածանոթ լինելով Դադիվանքի պատմությունը՝ մեր դարավոր բարեկամները նման բան թույլ կտան»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սրբազանն ու արձանագրել, որ շատ կարևոր է մյուս եկեղեցիների՝ ուղղափառ, կաթոլիկ, դիրքորոշումը։

«Հուսով եմ՝ բոլորն էլ, լինելով Քրիստոսով առաջնորդվող եկեղեցիներ, որևէ սխալ չեն անի»,- ասել է Սրբազանն ու ավելացրել, որ Դադիվանքում մեր հոգևորականները շարունակում են իրականացնել իրենց ծառայությունը և որևէ խնդիր այս պահի դրությամբ չկա։

Ինչ վերաբերում է դեպի Դադիվանք կանոնավոր ուխտագնացությունների կազմակերպմանը, Սրբազանը նշեց, որ Սուրբ Հարության տոնից հետո այդ ուղղությամբ ինտենսիվորեն աշխատում են ռուս խաղաղապահների հետ և վստահեցրեց՝ ամեն ինչ արվում է, որ հավատացյալները առանց խոչընդոտի կարողանան ուխտի գնալ Դադիվանք։