Ադրբեջանը ՄԻԵԴ-ում Հայաստանի դիրքորոշմանը հակադրել է ռուսական և ադրբեջանական դիրքորոշումները

66

Ադրբեջանական կողմը Հադրութի Խծաբերդ գյուղից գերեվարված զինծառայողներին փորձում է ներկայացնել որպես ահաբեկիչներ։ Այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Հիշեցնենք, որ հրադադարի պայմաններում ադրբեջանական կողմը հարձակվել էր հայկական վերահսկողության տակ մնացած Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերի դիրքերի ուղղությամբ ու գերեվարել ավելի քան 60 զինծառայողների, իր վերահսկողության տակ վերցրել այդ գյուղերը։

Սիրանուշ Սահակյանն այսօր ասաց․ «Մենք առնվազն տեղյակ ենք մեկ հայտարարության մասին, երբ ռազմագերիները ներկայացվում են որպես ահաբեկիչներ։ Անգամ ՄԻԵԴ-ում ընթացող գործընթացում Ադրբեջանը պաշտոնական դիրքորոշում է հայտնել, որ Խծաբերդի դեպքերով իրականացրել է հակաահաբեկչական օպերացիա և զարմանալիորեն Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը հակադրել է ռուսական և ադրբեջանական դիրքորոշումները։ Իրենց պնդումներով՝ հնարավորություն է տրվել այնտեղ գտնվող զինծառայողներին լքել վայրը, սակայն վերջիններս ընդդիմացել են, չեն լքել, կատարել են հարձակում, որի արդյունքում կան զոհեր ադրբեջանական կողմից։ Եվ այս ամենը որակվել է որպես ահաբեկչություն, ինչի հետևանքով ներգրավվել են Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները և իրականացրել հակաահաբեկչական օպերացիա։ Եվ մտահոգիչ է նաև, որ այդ օպերացիայի հետևանքով ինչ անձեր են նույնականացվել և ինչ կարգավիճակ ունեն, այս կարևորագույն հարցերի շուրջ ադրբեջանական կողմը հետևողական լռում է»։