Արցախի Թաղավարդ գյուղը լքելու գյուղում երեկ գրեթե անդադար հնչեցված կոչերը նաև այսօր են շարունակվել։
Գյուղի տարածքում ապօրինաբար տեղակայված ադրբեջանցի զինծառայողներն այսօր կրկին բարձրախոսերով պարբերաբար կոչեր են հնչեցրել, որոնք գյուղի՝ հայկական վերահսկողության տակ մնացած հատվածում պարզ լսվում էին։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Թաղավարդի բնակիչ Ռուդիկ Բադասյանը։ Ըստ երևույթին, անփոփոխ բովանդակությամբ ձայնագրությունը, որով թշնամին նաև Խրամորթի բնակչությանն է փորձում ահաբեկել, պարբերաբար հնչեցվում է մարդկանց մշտապես ահի մեջ պահելու նպատակով։
Բադասյանն ասաց, որ չնայած ադրբեջանցիների հոխորտանքներին՝ մասնավորապես գյուղը չլքելու դեպքում ուժի կիրառման սպառնալիքին, գյուղում մարդիկ շարունակում են իրենց առօրյայով ապրել։ Կարծես՝ սովորել ենք էս վիճակին։ Լսում ենք դրանց ասածները, բայց ոչ մեկը բանի տեղ չի դնում»,- ասաց Ռուդիկ Բադասյանը։














