Հայոց բերդաքաղաք Շուշին թշնամու կողմից գերեվարվելուց հետո տասնյակ պատմամշակութային հուշարձաններ ու կոթողներ, գիտական արժեք ներկայացնող թանգարաններ ու ցուցասրահներ, հնագիտական նյութեր մնացին հակառակորդի վերահսկողության տակ:
Վերջերս ցավով տեղեկացանք, որ ի թիվս մի շարք պատմամշակութային արժեքների, ադրբեջանցիները պղծել են նաև Շուշիի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակը, որտեղ հայ ժողովրդի մեծ բարեկամ Կիմ Բակշիի աճյունասափորն է…
Ակամա հիշեցի 2017-ի աշնանը բերդաքաղաքում տեղի ունեցած հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին գրողներ, արվեստագետներ, գիտնականներ՝ Հայաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից: Միջոցառումը վերածվել էր յուրահատուկ հուշ-հանդեսի, որի ժամանակ հնչեցին ելույթներ անվանի հայագետի, նրա թողած գիտական հարուստ ժառանգության մասին: Ներկաները վստահ էին, որ հիշարժան վայրը ուխտատեղի կդառնա նրան ճանաչողների համար, բայց, ավաղ…
Ճանաչված հայագետ, գրող, հրապարակախոս Կիմ Բակշիի գրական ու գիտական ողջ գործունեությունը, որ միտված է եղել Հայաստանի և Արցախի պատմամշակութային հուշարձանների, պատմական ու հնագիտական արժեք ներկայացնող նյութերի, ավանդույթների և սովորությունների ուսումնասիրմանը, ժողովուրդների բարեկամության վառ օրինակ է:
Պատահական չէ, որ դեռ կենդանության տարիներին հայկական երկու հանրապետությունների իշխանությունների կողմից բարձր է գնահատվել նրա վաստակը` արժանացնելով պետական պարգևների և մրցանակների: Հայ ժողովրդի անդավաճան բարեկամի հիշատակը վառ է պահվում Հայաստանում և Արցախում նաև այսօր` ամենատարբեր առիթներով արժևորելով գրողի ու հայագետի մարդասիրական առաքելությունը:
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում