Ադրբեջանցիները փոխել են Զվարագետ վտակի հունը, դրա համար էլ ջրի հետ կապված խնդիրներ ունենք

551

Արդեն 5 տարի է՝ ադրբեջանական զինծառայողները, որ փոխել են Մեղրի գետի Զվարագետ վտակի հունը, և այլևս այդ վտակը չի միախառնվում Մեղրի գետին։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ խոսելով մարդկանց ջրի իրավունքի և դրանց շարունակվող խախտումների մասին։

«Այդ վտակը ստացվում է նաև ձնհալների արդյունքում, և օգոստոս ամսից միշտ միացել է Մեղրի մայր գետին։ Ադրբեջանցիները հատուկ փոխել են այս վտակի հունը, չի միանում գետին, դրա համար էլ օգոստոսից սկսած լրջագույն խնդիրներ են առաջանում ոռոգման ջրի հետ կապված։ Խոսքը վերաբերում է Մեղրի և Ագարակ քաղաքներին, Նռնաձոր, Շվանիձոր գյուղերին»,- ասաց ՄԻՊ-ը։

Թաթոյանն անդրադարձավ նաև Սև լճի խնդրին, որը բռնազավթվել է ադրբեջանական զինվորականների կողմից։ Նա նշեց, որ այդպիսով ադրբեջանցիները վերահսկում են նաև այդտեղից հոսող ջրային պաշարները։