Ադրբեջանցիները կրակ են բացել Կարմիր Շուկայի դպրոցի մոտ կանգնած մեքենայի վրա. այն այրվել է

118

Ադրբեջանցիները կրակ են բացել Կարմիր Շուկայի դպրոցի մոտ կանգնած մեքենայի վրա, որը տեղում այրվել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Մեքենան գյուղացիների խոսքով հին էր, մեծ արժեք չէր ներկայացնում, բայց կարևորը ներսում մարդ չի եղել, մարդկային կորուստ և վնասվածք ստացած  չունենք։ Մեքենան անմիջապես կանգնած է գյուղի դպրոցի մոտ»։

Հակոբյանը նշեց, որ շուրջ մեկ տարի է Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակոցները չեն դադարում։

«Սկսել են քոչվոր ցեղերին բնորոշ կերպով ալան-թալանով զբաղվել, գյուղացիներից գողանում են ընտանի կենդանիներ, վերջերս կրկին կրակոցներ եղան, որի ժամանակ մի քանի տասնյակ խոշոր եղջերավոր անասուն էին գողացել, մի մասին են միայն կարողացել վերադարձնել»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը:

Իրականում Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից, ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ: