Ադրբեջանցիները կանգնեցրել են սահմանապահ զորքերին հաց հասցնող մեքենան, ինքնաձիգով հարվածել մեքենային

160
Երեկ երեկոյան Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են սահմանապահ զորքերին հաց հասցնող մեքենան, ինքնաձիգով հարվածել մեքենային, վարորդից պահանջել, որ մեքենայի դռներն ու պատուհանները բացի։ Տեղեկությունը Sputnik Արմենայի հետ զրույցում հայտնեց Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը։

«Մեքենան կանգնեցրել են, լկտի արտահայտություններ արել ։ «Տուպիկ» է եղել` մեքենան իրենց դիմացը կանգնած։ Տեսել են հայկական համարանիշներով մեքենա է, սկսել են կոպիտ արտահայտություններ անել։ Ասել են` ինչու ես կանգնել, քշի գնա, վարորդն ասել է` ճանապարհ չկա»,- պատմեց փոխհամայնքապետը։
Քոչարյանի խոսքով` վարորդը ադրբեջանցիների սադրանքներին տեղի չի տվել։ Նրանից բացի, մեքենայի մեջ ևս երկու որոտանցի երիտասարդ է եղել։ Երիտասարդներն ահազանգել են իրենց գյուղապետին, Գորիսի փոխհամայնքապետին, վերջիններս տեղեկացրել են Սյունիքի մարզպետարան, պատկան մարմիններին։
«Վարորդն ու երիտասարդները մոտ 15 րոպե այդպես մնացել են։ Հետո ռուս խաղաղապահները նկատել են, որ ադրբեջանցիներն իրենց շատ վատ են պահում, մոտեցել են, նրանց միջնորդությամբ մեքենան շարժվել է»,- ասաց Քոչարյանը։
Այսօր արդեն վարորդը հացը սահմանապահ զորքերին է հասցրել ռուս և հայ սահմանապահների ուղեկցությամբ։