Ադրբեջանցիները գրաված տարածքում 3 հատ մեծ վրան են ավելացրել․ Կութի գյուղապետ

49

«Եթե այսպես շարունակվի, հնարավոր է՝ կութեցիները լքեն գյուղը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը։

Գյուղապետի խոսքով՝ չնայած ավելի քան 1 ամիս  է՝ իրենց փոխանցում են, որ ռուս սահմանապահենրը տեղակայվելու են Կութում, մինչև օրս սահմանապահները տեղակայված չեն, ավելին՝ ադրբեջանցիներն ամեն օր ավելի են ամրապնդվում հայկական հողում․ «Ասում էին՝ ռուս սահմանապահները պետք է որ այս 2 օրը գային։ Պետք է գային, բայց հլը որ չկան։ Ադրբեջանցիները եկած, լցված, ամենքը՝ 4–5 վրան սարքած, իրենց պոստերում․ վրանները հո դատա՞րկ չեն։ Ճիշտ է, իրենց չենք տեսնում, բայց 2 օր առաջ հեռադիտակով նայեցի, մեր ամենաբարձր պոստի մոտ 3 հատ մեծ վրան է ավելացած, ոչ թե առաջ են գալիս, այլ գրաված տարածքում ամրապնդվում են․․․ Գյուղացիներն էլ են տեսել, ասում են՝ տեսե՞լ եք՝ ինչքան վրաններ են ավելացրել․․․ Վտանգը ավելի է շատանում, մենք էլ մարդ ենք, հո անասո՞ւն չենք․․․»։