Ադրբեջանցիները տարածում են հայ զինծառայողներին անարգող տեսանյութեր. Թաթոյան

8
Զինվոր

Ադրբեջանցիների կողմից տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են անարգում մեր զինծառայողներին։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ ՄԻՊ գրասենյակն իրականացնում է ադրբեջաներենից թարգմանությունը, համապատասխան ենթագրերով ներբեռնում եւ ուղեկցող նամակներով ուղարկում ԵԽԽՎ բոլոր պատգամավորներին, ԵԱՀԿ ԽՎ պատգամավորներին, Եվրախորհրդարանի պատգամավորներին, հայտնի լրատվամիջոցների աշխատակազմերին, միջազգային կառույցներին, նաեւ բոլոր դեսպանություններին, որոնք կան Հայաստանում։

Ա.Թաթոյանի փոխանցմամբ՝ նամակներում մատնանշում է կոնկրետ խախտումները եւ դրանով ցույց ենք տալիս միջազգային կոնվենցիոն այն դրույթը, որին դա հակասում է: «Մեր նպատակն է ցույց տալ դա որպես պատերազմական հանցագործություն»,- ընդգծել է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:

Անդրադառնալով այն դեպքին, երբ ադրբեջանցիները կտրել էին հայ գերու գլուխը, ապա զանգել եղբորը ու տեղեկացրել, որ հիմա տեսանյութը տարածելու են համացանցում՝ Թաթոյանն ասաց. «Նրանք դա տեղադրում են համացանցում ու սկսվում է խրախճանք: Գովերգում են, հերոս են ներկայանում, թվացյալ ինքնահաստատվում են: Մի բան է, որ դու քո միջազգային գործընկերներին ցույց տաս արարքի ծանրությունը, մեկ այլ բան է ցույց տաս, թե ինչ ցինիզմով է դա կատարվում: Հետո նրանք հետադարձով պատրաստում են տեսանյութեր եւ ուղարկում են արդեն հայկական էջերին եւ դրանով եւս մեկ անգամ արժանանում են հերոսության:

Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրությանը ներկայացնում են, թե հետագայում խաղաղ կապրեն հայերի հետ: Բայց մենք տեսնում ենք, թե որքան շատ է ատելությունը, այդ հողի վրա կատարվող հանցագործությունները: Մենք արձանագրել ենք, ցույց ենք տվել միջազգային հանրությանը, որ այն ինչ ասվում է միջազգային հանրության համար, ընդամենը պատրանք է, որովհետեւ եթե անգամ մեկ ժամ էթնիկ հայը հայտնվի մեկ տանիքի տակ իրենց հետ, դրանից հետո անմտություն է խոսել կյանքի իրավունքից, առողջության իրավունքից»: