Ադրբեջանցիների արձակած գնդակներն ու արկերն անցնում են գյուղի վրայով. Նորաբակ համայնքի ղեկավար

153

Ադրբեջանցիների արձակած գնդակներն ու արկերն անցնում են գյուղի վրայով․ երեխաներն ու կանայք տարհանվել են գյուղից: Այս մասին հայտնել է Նորաբակ համայնքի ղեկավարը:

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղում ոչ միայն պարզ լսվում են հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից իրականացվող հրետակոծության ձայները, այլև գնդակներն ու արկերը գյուղի վրայով են անցնում։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը։

Թշնամու արձակած գնդակներն ու արկերը գյուղի վրայով անցնում են, մի 100 մետր էն կողմ ընկնում։ Կանայք ու երեխաներն արդեն դուրս են եկել գյուղից»,-ասաց Ասատրյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից ադրբեջանական ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, թիրախավորել են նաև քաղաքացիական բնակավայրերը՝ Կապան, Գորիս, Կութ, Նորաբակ, Ջերմուկ, Սոթք և այլն։

Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմն ունի 49 զոհ։ Զոհերի ու վիրավորների մասին թարմացված տվյալներ առայժմ չկան։