Ադրբեջանական մասնակցություն` «Ռոստելեկոմ»-ում «ՎՏԲ բանկ»-ի միջոցով․ Հետք

56

Հետքը գրում է․

Հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող «Ռոստելեկոմ» ապրանքանիշը ներկայացնող «Ջիէնսի-Ալֆա» ՓԲԸ-ն 2021 թվականի հոկտեմբերի 19-ի գրությամբ խնդրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնությունը «Մոլիտրո Հոլդինգս Լիմիթեդ» ընկերության միջոցով «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի միակ բաժնետեր «Ֆիլոր Վենչրս Լիմիթեդ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման համար:

Մասնավորապես, ՀԾՀ անդամ Սեդա Շահինյանը հայտնել է, որ ՌԴ քաղաքացի Արման Ունանյանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նախատեսում են Կիպրոսի Հանրապետությունում գրանցել նոր ընկերություն՝ «Մոլիտրո Հոլդինգս Լիմիթեդ», որը ձեռք կբերի «Ֆիլոր Վենչրս Լիմիթեդ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը։ Նշենք, որ «Մոլիտրո Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը Կիպրոսում դեռևս չի ստեղծվել։

Հայաստանյան ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի տվյալներում նշվել է, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ 100% բաժնետեր է հանդիսանում «Ֆիլոր Վենչրս Լիմիթեդը»։ «Ֆիլոր Վենչրս Լիմիթեդ»-ի 100% բաժնետեր է հանդիսանում «Ռոստելեկոմ Ինտերնեյշնլ Լիմիթեդ», իսկ «Ռոստելեկոմ Ինտերնեյշնլ Լիմիթեդ»-ի 100% բաժնետեր է հանդիսանում «Ռոստելեկոմ» ՀԲԸ-ն: «Ռոստելեկոմ» ՀԲԸ-ի 50% +1 բաժնետոմս պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։

Մինչդեռ պատկերը փոքր-ինչ այլ է, երբ ուսումնասիրում ենք ռուսական պաշտոնական աղբյուրները։ Համաձայն «Ռոստելեկոմ» ՀԲԸ-ի ռուսաստանյան կայքի տվյալների՝ ՌԴ կառավարությունը 36 տոկոս մասնակցություն ունի կանոնադրական կապիտալում։ 20 % -ը՝ АО «Телеком Инвестиции», և հաջորդ խոշոր բաժնետերը «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն է՝ 8 % մասնակցությամբ։

Նշենք, որ ՎՏԲ բանկ ԲԲԸ-ն ՌԴ կառավարության վերահսկողության տակ է՝ 92 % պետական մասնակցության շնորհիվ։ Մնացած փոքր բաժնետերերին բանկը չի գաղտնազերծել, ավելին՝ որոշակի չափաբաժին ազատ շրջանառության համար է նախատեսված։ Հիշեցնենք, որ այս բանկում 2013թ.-ից շուրջ 3 տոկոս բաժնեմաս ուներ նաև Ադրբեջանը։ Դրա դիմաց, օրինակ, 2017թ․ բանկից 7 մլն դոլարի չափով դիվիդենտ է ստացել։ 2020թ․ բանկի տարեկան հաշվետվությունից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի ներկայացուցիչը մասնակցել է բաժնետերերի տարեկան ժողովին որպես մինորիտար բաժնետեր։ Հետևաբար, Ադրբեջանը դեռևս մասնակցություն ունի բանկի բաժնեմասում, իսկ ֆոնդի գործադիր տնօրեն Իսրաֆիլ Մամմադովը բանկի վերահսկիչ խորհրդի անդամ է։

Ռուսաստանյան «Ռոստելեկոմի» 2020 թվականի ֆինանսական հաշվետվությունից տեղեկանում ենք, որ 2020թ․-ին «ՎՏԲ բանկը» դարձել է «Ռոստելեկոմ» տվյալների մշակման կենտրոնի (Ростелеком – Центры обработки данных) 44,8% բաժնեմասի սեփականատեր։ «Ռոստելեկոմ- ՏՄԿ»-ն «Ростелеком» ՀԲԸ-ի իրավասությունների կենտրոնի կառավարող ընկերությունն է ծառայությունների և ենթակառուցվածքների զարգացման, տրաֆիկների փոխանակման և CDN ծառայությունների գծով։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնել է, որ «Ռոստելեկոմի»-ի վաճառքի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Կառավարության դիրքորոշումները ստանալուց և ամփոփելուց հետո։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում