Ադրբեջանական կողմը շարունակում է ամրաշինական աշխատանքներ իրականացնել, ամրապնդվել․ Շուռնուխի գյուղապետ

39

Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պատերազմից հետո երկու մասի կիսված Շուռնուխում իրավիճակը նույնն է՝ ամեն օր ստիպված են լինում տեսնել ադրբեջանական դրոշները ու թշնամուն՝ տեղակայված իրենց գյուղում։

«Վիճակը նույնն է, թուրքերը իրենց տեղը վեր ընկած են, այնպես չէ, որ ագրեսիվ շարժումներ են անում՝ իրենց տեղը լռված են»։

Արշակյանն ասում է, որ ադրբեջանական կողմը շարունակում է ամրաշինական աշխատանքներ իրականացնել, ամրապնդվել։ Գյուղում տեղյակ են, որ թշնամու կողմից կուտակումներ էլ կան, սակայն իրենք դա չեն տեսնում։

«Իրենք աշխատանքները կատարում են։ Անզեն աչքով էլ նայում ես ու հասկանում, որ շինարարություն են անում, ամրապնդում են իրենց տեղը։ Կուտակումներ կան։ Իրենք ընդհանուր կուտակվում են ձորում, որը անտեսանելի է մեր կողմից»։

Արշակյանը երթևեկել է Գորիս-Կապան ճանապարհով, որի մի հատվածում ադրբեջանական կողմը անցակետ է տեղադրել։ Ժամը մեկ կուտակվում են մեքենաները ու նրանց ուղեկցում են ռուս խաղաղապահները։ Ասում է՝ այդ հատվածով անցնելիս միայն զզվանք է ապրում։