Ադրբեջանական զինուժը շարունակում է ինտենսիվ ամրաշինական աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմաններին։ Արավուս գյուղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ադրբեջանական շարժն ակտիվացել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանը։
«Իրենք ուժեղ ինժեներական աշխատանքներ են անում։ Աշխատանքները մեր մոտից տեսանելի են, մեզանից 300-600 մետր են հեռու։ Մեր դիմացը 13 հատ ադրբեջանական պոստ կա, որտեղ ուժեղ աշխատանքներ են իրականացնում՝ մեծ տրակտորներով, էքսկավատորներով։ Շարժը շատացել է։ Բրիգադն էլ մեր դիմացն է՝ երկու կմ հազիվ հեռու լինի»,- ասել է նա։
Ադրբեջանական կողմը սահմանի երկայնքով հողի շերտ է պատել, որպեսզի գյուղի բնակիչների համար տեսանելի չլինի, թե ինչ են կառուցում։
«Չի երևում, թե ինչ են սարքում։ Էնքան քանդել են, դիմացը հող են լցրել, հետևը ինչ իմանաս՝ ի՞նչ են անում»։
Շինարարության համար ադրբեջանական շարասյունն անցնում է Կուբաթլուով, Բերձորով, ռուսական կողմի ուղեկցությամբ Աղավնոյի ձորով հասնում մինչև Արավուս։














