Աբխազիայի տարածքով երկաթուղային գիծն առավել արդյունավետ է և բխում է Հայաստանի ազգային շահից

107

Ինչպես արդեն հայտնել էինք, Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային այն հայտարարությամբ, որ հանրապետությունը պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին:

ArmDaily.amի հետ զրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասաց, որ իրականում սա դեռ միայն առաջարկ է, սակայն այդ հաղորդակցությունը ողջամիտ տարբերակ է և տրամաբանական։ «Այն թե տնտեսական իմաստով է առավել արդյունավետ, միաժամանակ, նաև բխում է Հայաստանի ազգային շահից։ Կարծում եմ, սա կարող է իրական այլընտրանք լինել գործող ճանապարհին, ի տարբերություն այն օրակարգի, որ առաջ է քաշվում գործող իշխանությունների կողմից, որով փորձում են կերակրել մեր հասարակությանը։ Պետք է հասկանալ, որ այդ նախագծի իրական նպատակը մեկն է՝ Ադրբեջանի և Թուրքիայի երկարաժամկետ շփման ապահովում՝ ի վնաս մեր աշխարհագրական առավելությունների և մեր ապագա ներուժի։ Դրանով մենք ավելի կկտրվենք տարածաշրջանից ու կախվածության մեջ կհայտնվենք, այդ տրամաբանության մեջ՝ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանը կդարձնեն իրենց շահերի կցորդ՝ մինչև մեր պետության վերջնական կազմաքանդումը։ Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետությունից Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան երկաթգիծ չի լինելու շատ պարզ պատճառով, որովհետև անհասկանալի մեծ արժեք կունենա այդ ենթակառուցվածքների շինարարությունը, իսկ ՀՀ-ն նման միջոցներ չունի, միաժամանակ, դրա տնտեսական արդյունավետությունը կասկածի տակ է։ Հայաստանի ո՞ր քաղաքացին իր բեռը կամ հենց իրենք պատրաստ կլինեն 1000 կմ անցնել Ադրբեջանի տարածքով, որ ի վերջո՝ հասնի Ռուսաստանի Դաշնություն։ Եթե անգամ այդ ճանապարհը ինչ-որ հրաշքով սարքվի, այն չի աշխատելու։ Բավական է, 1-2 անգամ որևէ մեկի բեռը կորավ կամ վնասվեց և արդյունքում Հայաստանը կդադարի դրանից օգտվել ու այն պարզապես չի գործի»։
Ըստ տնտեսագետի՝ փոխարենը աբխազական երկաթուղու վերականգնման համար հնարավոր կլինի միջոցներ հայթայթել ներդրումներ կատարելու, և գուցե գրեթե ոչնչացված ու գոյություն չունեցող հաղորդակցությունը վերականգնելու համար։
«Իրականում այն կարող է տնտեսապես արդյունավետ լինել և բնական է, որ շատերը դրանում հետաքրքրված կլինեն, այդ թվում՝ տարածաշրջանում խոշոր խաղացողները՝ Ռուսաստանը և Իրանը։ Ես կարծում եմ, քանի որ օբյեկտիվորեն այն կլինի արդյունավետ ճանապարհ և կծառայի իր նպատակներին, հետևաբար, այդ ենթակառուցվածքների հետգնման հնարավորությունը շատ ավելի իրատեսական կլինի։ Մի բան, որ բացարձակ չի կարելի ասել այն նախագծի վերաբերյալ, որ առաջարկվում է գործող իշխանությունների կողմից,։ Սա ունի օբյեկտիվ հիմք, հեռանկար և կարծում եմ կդառնա նաև իրականություն՝ հենց միայն այն պատճառով որ ձեռնատու է տարածաշրջանի խոշոր խաղացողներին, բխում է նաև Հայաստանի շահից և արդյունավետ կլինի նաև տնտեսական տեսանկյունից։ Անգամ համեմատության եզր չկա աբխազական ճանապարհի և Թուրքիայով ու Ադրբեջանով անցնող ճանապարհի միջև, քանի որ վերջինը ընդամենը փուչիկ է, ընդամենը փաթեթավորում է, որի հիմքում միայն Ադրբեջանի և Թուրքիայի շահն է, որը վնասելու է մեր երկրի ու ժողովրդի շահին»։
 Նա ընդգծեց, որ միայն միամիտը կարող է մտածել, որ Թուրքիայի և Ադրբեջանի խնդիրը միայն Արցախն էր և նրանք արդեն մոռացել են իրենց դարավոր ծրագրերի մասին։

«Իրենք առիթը բաց չեն թողնելու և առաջ են մղելու իրենց ազգային շահը։ Որքանով այդ ծրագրերը կյանքի կկոչվեն՝ բնական է, որ իրենք շտապում են, քանի որ եթե Հայաստանում իրավիճակ փոխվի և գան իրական ազգային մտածողություն ունեցող մարդիկ և այդ ծրագիրն այլևս կյանքի կոչվելու հնարավորություն չի ունենա»։