ԱԱԾ-ն իրանական բեռնատարների համար ժամանակավորապես փակել է Գորիս–Կապան ճանապարհը

76
Գորիսի ելքի մոտ տասնյակ բեռնատարներ են կուտակվել, որոնց թույլ չեն տալիս անցնել Կապանի կողմ։ Հայտնում է Sputnik Արմենիա-ն։
Վարորդների մեծ մասն ադրբեջանցիներին վճարելու գումար չունի. Որոտանից քիչ հեռու գտնվող ադրբեջանական անցակետում նրանցից 100-300 դոլար են պահանջում։
Վարորդներից շատերը Գորիսի ուղղությամբ շարժվելիս չեն վճարել ադրբեջանցիներին, բայց նրանց զգուշացրել են, որ վերադառնալիս կրկնակի գումար են տալու:
Վարորդների խոսքով` ոստիկանությունն ու ԱԱԾ–ն առաջարկում են շրջանցել այդ ճանապարհը։ Բայց մեքենաները մեծ են և չեն կարողանա անցնել նեղ ճանապարհով։ Մի քանի մեքենա նման փորձ կատարելիս արդեն իսկ վթարի են ենթարկվել։
«Ադրբեջանցիներն ինձ կանգնեցրին ու 260 դոլար ուզեցին գնալու ու հետդարձի համար։ Դոլար չունեի, ասեցի` դրամ տամ, ասացին` դրամն ի՞նչ է, դոլար տուր կամ մանաթ։ Մեկին ասել են` 50 դոլար տուր։ Նայած, թե ով ինչ բեռ է փոխադրում։ Հայկական ոստիկանությունը մեզ ասում է` այդ ճանապարհով մի անցեք, Տաթևով եկեք, բայց ախր այդ ճանապարհն էլ շատ վատն է, արդեն մի քանի մեքենաների մասեր կոտրվել են»,– Sputnik Արմենիային ասաց իրանցի վարորդներից մեկը, որի անունը Նադիր է։