The Greek City Times-ն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Էսին Թաթարի Կոնիայում տեղի ունեցած հանդիպմանը։
Թաթարը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնել է Քոնիա՝ մասնակցելու Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի բացման արարողությանը, որի ընթացքում հանդիպել է նաև Ալիևին։
«Հանդիպման ընթացքում Թաթարն Ալիևին տեղեկացրել է Կիպրոսի մասին և ասել, որ իրենք Թուրքիայի հետ վարում են ներդաշնակ քաղաքականություն»,- գրում է լրատվամիջոցը։
Հյուսիսային Կիպրոսի առաջնորդը նշել է, որ «գնահատականներ են տրվել երկու երկրների միջև փոխադարձ հարաբերությունների զարգացման վերաբերյալ»։
Հունական լրատվականը գրում է, որ բռնապետ, մարդասպան ու կոռումպացված Ալիևը լեգիտիմացրել է կեղծ պետությունը։
«Ժամանակն է, որ Հունաստանը վերջապես պատժամիջոցներ սահմանի այս մարդասպանի նկատմամբ, որը գնում է Արևմուտքի խիղճը՝ առնվազն 3 մլրդ դոլարով կաշառելով արևմտյան քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին»,- նշում է հոդվածագիրը։