Ուկրաինայում պատերազմում են բոլորը․ հին զենքերը վաճառվում են, նորերը՝ փորձարկվում․ Հռոմի պապ

53
Հռոմի Պապ

Ուկրաինայում պատերազմի հետևում ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մի քանի «ժամանակակաից կայսրությունների» շահեր են։ Այս մասին հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։

Հռոմի պապը նաև պատրաստակամություն է հայտնել բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի խաղաղության կոչ անի։ «Ես նրա հետ կխոսեի այնքան բաց, որքան խոսում եմ հրապարակայնորեն։ Նա կիրթ մարդ է։ Պատերազմի երկրորդ օրը ես գնացի Սուրբ Աթոռում ՌԴ դեսպանատուն, որպեսզի ասեմ, որ պատրաստ եմ մեկնել Մոսկվա, եթե Պուտինը ինձ բանակցելու հնարավորություն տա։ Լավրովն ինձ գրել էր շնորհակալություն, սակայն հավելել, որ այժմ ժամանակը չէ։ Պուտինը գիտի, որ ես հասանելի եմ։ Սակայն այնտեղ կան կայսերական շահեր՝ ոչ միայն ռուսական կայսրության, այլ նաև այլ կայսրությունների։ Կայսրությունների համար հատուկ է ազգին երկրորդ հորիզոնականում դնելը»,- հավելել է նա։

Հռոմի պապը տեղի ունեցողը համաշխարհային պատերազմ է անվանել։

«100 տարվա ընթացքում տեղի են ունեցել 3 համաշխարհային պատերազմներ՝ 1914-18-ականներին, 1939-45-ականներին և հիմա, որը հանդիսանում է համաշխարհային պատերազմ։ Հիմա ոչ ոք չի կարող ասել, որ տեղի ունեցողը համաշխարհային պատերազմ չէ։ Դրանում ներգրավված են գերտերություններ։ Իսկ Ուկրաինան նրանց մարտադաշտն է, այնտեղ պատերազմում են բոլորը,- նշել է Ֆրանցիսկոս պապը՝ հավելելով,- Մտքումս ռազմական արդյունաբերությունն է։ Մի փորձագետ ինձ պատմել է, որ եթե զենքի արտադրությունը հաջողվեր կանգնեցնել թեկուզ մեկ տարով, համաշխարհային սովի խնդիրը կլուծվեր։ Սա շուկա է։ Պատերազմներ են մղվում, հին զենքերը վաճառվում են, նորերը՝ փորձարկվում»։