«Israel Aerospace Industries» ընկերությունն ընտրվել է Ադրբեջանին 120 միլիոն դոլար արժողությամբ երկու արբանյակ մատակարարելու համար, հայտնում է Haaretz-ը։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենը, որն անցյալ շաբաթ այցելել էր Բաքու, Times of Israel-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Ադրբեջանն «արբանյակային գնումների գործարքում իսրայելական ընկերություն է ընտրել»:
Բացի այդ, ադրբեջանական լրատվամիջոցներն օրերս հայտնել էին արբանյակների մատակարարման մասին՝ վկայակոչելով իսրայելցի լրագրողին, որն ուղեկցել էր Իսրայելի արտգործնախարար Քոենին Ադրբեջան կատարած այցի ժամանակ։
Ավելի վաղ Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ երկրի առաջին դիտման արբանյակի հետ կապը կորել է, և այն ավարտել է առաքելությունը նախատեսված ժամկետից մեկ տարի շուտ՝ շահագործման 9-րդ տարում։
Նշվում էր, որ արբանյակի հետ տեղեկատվության փոխանակումը դադարեցվել է։
Azercosmos-ը և արբանյակն արտադրողը փորձել են վերականգնել կապը, բայց չի հաջողվել։