Հայկական կողմին հանձնված 29 զինծառայողների դիակներից միայն 4-ին են հարազատները ճանաչել

0

Հայկական կողմին հանձնված 29 զինծառայողների դիակներից միայն 4-ին են հարազատները ճանաչել։ Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հարցին ի պատասխան լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

Վարդանյանի խոսքով՝ քննչական խումբը զոհված զինծառայողների դիակների հանձնման գործընթացին մասնակցել է, և տեղում իրականացվել են քննչական-դատավարական գործողություններ, դիակների արտաքին նախնական զննություններ են իրականացվել, նույն օրը նշանակված դատաբժշկական փորձաքննությունների շրջանակներում արդեն հետազոտությունն իրականացվել է ՀՀ առողջապահության նախարարության դատաբժիշկ փորձագետների կողմից։

Վարդանյանի խոսքով՝ եղել են ածխացած դիակներ, ինչպես նաև դիակներ, որոնց մարմնի մասերը պայթյունի հետևանքով բացակայում էին, բայց այս պահին բոլորի մասով եզրակացությունը դեռևս չի ստացվել։

«Նախնական տվյալներով՝ այս պահին խոշտանգված կամ դիտավորյալ անդամահատված դիակների վերաբերյալ տվյալներ չունենք։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 29 դիակներից 4-ին հարազատները ճանաչել են»,- նշեց Վարդանյանը։

Անդրադառնալով Ադրբեջանում գերության մեջ մահացած 84-ամյա Միշա Մելքումյանի մահվան հանգամանքներին՝ Վարդանյանը հայտնեց, որ Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով, առկա է բռնի մահ։