2011-ի առաջին կիսամյակում 67 հազար մարդ մեկնել է

7

Նախագահի այսօրվա հրավիրած խորհրդակցությունը նվիրված էր միգրացիոն քաղաքականությանը, որտեղ քննարկվել են միգրացիոն հոսքերի հետ կապված առկա միտումներն ու կառավարության քաղաքականությունն այդ բնագավառում:

Նախագահը նախ ուշադրություն է հրավիրել ոլորտի խնդիրների հանրային ներկայացման կարևորության վրա: «Եթե մենք պատշաճ ուշադրություն չենք դարձնում թվերի ու միտումների պարբերական հրապարակային մեկնաբանությանը, ապա կիսատ-պռատ եզրակացությունների ու մակերեսային վերլուծությունների միջոցով բավականին ակտիվ շահարկումներն ուղղակի անխուսափելի են դառնում»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը` իբրև թարմ օրինակ նշելով, որ հունվար-ապրիլ ամիսների ուղևորափոխադրման ցուցանիշների հրապարակումից հետո «Հայաստանը չորս ամսում լքել է 45 հազար մարդ» արտահայտությունն ուղղակի դարձավ առանձին շրջանակների լոզունգը, որը սև գույներով լիուլի շահարկվեց:

Հայաստանը դատարկվելու մասին անհեթեթ թեզն այնքան է ծեծվել մեր քաղաքական դաշտում, որ ակամա դարձել է նաև Ադրբեջանի իշխանությունների հիմնական «իդեաֆիքսը», և վերջիններն էլ անընդհատ հրապարակավ հայտարարում են, թե կսպասեն այդ օրվան, այսինքն՝ Հայաստանը դատարկվելու օրվան և իրենց խնդիրները մեզ հետ կլուծեն: Անշու՛շտ, իհարկե, հետաքրքիր թեզ է, մի քիչ ժպիտ առաջացնող, բայց, այնուհանդերձ, իրոք, հետաքրքիր: Ավելին, վերջին ամիսների աժիոտաժի ֆոնին ադրբեջանցիները նաև եզրակացության են եկել, թե իբր ես ներքին ընդդիմության հետ բանավեճի պատճառով է, որ ուշադրություն շեղելու համար զբաղվում եմ բանակի ուժեղացման խնդիրներով: Կարող եմ միայն ասել, որ ազատ արտահայտվող ու երկրի զարգացման խնդիրների շուրջ մտահոգություններ հնչեցնող և սուր քննադատող ընդդիմությունը մեր երկրի ու մեր ժողովրդավարության ձեռքբերումն է, որը բոլորին չէ, որ տրված է: Չնայած, չեմ սիրում խոսել ֆանտաստիկ երևույթների մասին, բայց պիտի նշեմ, որ եթե երբևէ Ադրբեջանում թույլ տան նորմալ ընդդիմության գոյություն, կամ, գոնե, մարդկանց թույլատրեն ազատ արտահայտել իրենց կարծիքները, ապա միևնույնն է, չեմ կարծում, թե մենք կկառուցեինք մեր ռազմավարությունը ադրբեջանական ընդդիմության թեզերով: Ընդդիմության հետ աշխատանքի փորձ ունեցող իշխանությունը միայն կհասկանա սա»,- խորհրդակցության մասնակիցներին ուղղված խոսքում ասել է Նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, արտագաղթը և միգրացիոն գործընթացները Հայաստանում համընդհանուր հետաքրքրությունների և մտահոգության առարկա են: Բոլորն էլ լավ գիտեն, որ Հայաստանում միգրացիայի վերաբերյալ վիճակագրության պակաս կամ տվյալների հավաքագրման թերացումներ կան, որոնք թույլ չեն տալիս կարճաժամկետ հատվածի համար պարբերաբար և ճշգրիտ պատկերացումներ կազմել իրավիճակի և զարգացումների մասին:

Եթե 2000 թվականին բնակչության ընդհանուր շարժը կազմել է ընդամենը 857 հազար մարդ, 2007-ին այն կազմել է մոտ 2.5 միլիոն, իսկ արդեն 2010-ին` 3.5 միլիոն մարդ: Այսինքն վերջին տարիներին Հայաստան մուտք գործած և Հայաստանից դուրս եկած մարդկանց թվաքանակը փոքր ինչ ավելի է եղել Հայաստանի մշտական բնակչության համեմատ:

Մեզ անհանգստացնող հիմնական թեման մեկնողների և ժամանողների բացասական տարբերությունն է, այսինքն` տարվա ընթացքում ավելի շատ մարդ մեկնում է, քան վերադառնում: Այս միտումը մշտապես առկա է եղել անկախությունից ի վեր և այսօր պետք է դառնա մեր առավել մեծ ուշադրության և իրականացվող քաղաքականության առարկան: 2000թ. Հայաստան չեն վերադարձել մոտավորապես 57 հազար մարդ, 2001-ին` 60 հազար մարդ, այնուհետ այն փոքրացել է և արդեն 2004-2006 թվականներին գրանցվել դրական հաշվեկշիռ: Վերջին տարիների ընթացքում Հայաստան չվերադարձածների թվաքանակը կազել է 23-29 հազար մարդ:

Ինչ վերբերում է 2011-ի առաջին կիսամյակի տվյալներին. Հայաստանից մեկնողների թվաքանակն առաջին 6 ամիսներին 67 հազար մարդով գերազանցել է ժամանողներինը: Սա որևէ նոր միտում չի ենթադրում և ամբողջությամբ համապատասխանում է անցած տարիների միտումներին, սակայն այն գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշը: Դա հիմնականում պետք է բացատրել այն հանգամանքով, որ համաշխահային տնտեսությունը հաղթահարել է ճգնաժամի հետևանքները, և, մասնավորապես, Ռուսաստանում տնտեսության վերականգնմանը զուգընթաց, Հայաստանից վերսկսվել է և տեղի ունի աշխատանքային միգրացիայի տեմպերի աշխուժացում: Հետևաբար 2011-ին պետք է ակնկալել արտագնա աշխատանքից նաև բնակչության եկամուտների աճ:

Այդուհանդերձ, Հայաստանից դուրս, օտար ափերում հաջողություններ փնտրողների թվաքանակը պետք է համարել մեծ, և մենք պետք է, իհարկե, լուրջ անհանգստանանք այս խնդիրներով ու բազմապատկենք մեր ջանքերը բարեփոխումների արագացման գործում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: