18 մլրդ 825 մլն դրամ պարգևավճար է նախատեսված 2021թ․ բյուջեով, ինչը նախորդ տարվանից ավելի է 21%-ով

63
Արկադի Խաչատրյան

2021 թվականի պետական բյուջեով  պարգեւատրումների համար նախատեսված է 18 միլիարդ  825 միլիոն դրամ՝ չհաշված քաղծառայողների համար նախատեսվածը, իսկ այս ցուցանիշը 21 եւ ավելի տոկոսով գերազանցում է նախորդ տարվանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։

«Այս նոր իրողություններով պայմանավորված՝ Կառավարությունն արդյո՞ք մտադիր է վերանայել սա, թե՞ այս թիվը նույնությամբ մնալու է»,- հարցրեց պատգամավորը։ Ի պատասխան՝ նախարար Ջանջուղազյանն ասաց․ «Մենք բազմիցս առիթ ունեցել ենք այդ հարցին անդրադառնալու․անվանումը, դժվար է ասել, որ արտահայտում է բովանդակությունը, որովհետև մենք, ըստ էության, այս լուծումը ներկայացրել ենք՝ որպես միջանկյալ այնքան ժամանակ, քանի դեռ պետական կառավարման համակարգի բարեփոխումը չի հասել իր տրամաբանական ավարտին և չի գտնվել լուծումը ծանրաբեռնվածության բաշխման և աշխատանքի վարձատրության համարժեք համակարգի, իսկ մինչ այդ սա ժամանակավոր լուծում  է»,- ասաց նա։

Պատգամավորի ճշտող հարցին՝ փաստորեն պարգևավճարների մասով փոփոխություն չե՞նք կարող ակնկալել, և նշված թիվը փոփոխման ենթակա չէ՞, Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց․ «Համենայնդեպս, ներկայացված նախագիծն այնպիսին է, ինչպիսին կա և որևէ ուղղությամբ որևէ փոփոխության մասին խոսքը, կարծում եմ, ժամանակավրեպ է»,- ասաց նա։