10 հազար վիրավոր հիվանդ ունենք, դեղեր կան, որ իրենց կօգնի, բայց դրանք մաքսատանն են. Մեծաքանակ բժշկական օգնություն տեղ չի հասել. Կարապետյան

299

Միացյալ նահանգներից բժիշկ Արման Կարապետյանը տեղեկացնում է, որ Սփյուռքից ուղարկված դեղորայքի  մի խմբաքանակ  վերջապես տեղ է հասել, դրանք «Արթմեդ» բժշկական կենտրոնում են, որտեղ մի քանի տասնյակ զինվորներ են բուժում ստանում։

«Ուզում եմ նշել, որ սա ամբողջ օգնության մի կաթիլն է միայն, որ ուղարկվել է։ Բոլոր ծանոթներին խնդրում եմ, եթե ունեն  ընկերներ՝ զինվոր տղաներ, որոնք ունեն գլխուղեղի վնասվածքներ, կամ նմանատիպ այլ խնդիրներ, կարող են դիմել ու անվճար բուժում ստանալ։ Հետագայում պլանավորում ենք բոլոր հիվանդանոցներին ներկայացնել մեր բուժման պրոտոկոլները և ցանկության դեպքում դրանք կիրառեն բոլոր կենտրոններում»։

Կարապետյանը տեղեկացրեց, որ երեք առաջարկ են արել կառավարությանը։ Առաջինը՝ առողջապահության նախարարությանն առաջարկում են ստեղծել բժիշկների մի խումբ, որպեսզի գնան մաքսատուն և ամբողջ բարեգործական բժշկական օգնությունը, որն ուղարկվել է այս ամիսների ընթացքում, վերցնեն և հասցնեն հասցեատերերին։

«Ես տարբեր մարդկանցից զանգեր ստանում եմ, որ ուղարկել են մեծաքանակ բժշկական օգնություն և պնդում են, թե դրանք տեղ չի հասել։ Դա մի քանի օրվա գործ է՝ մաքսատնից հանել օգնությունը։ 10 հազար վիրավոր հիվանդ ունենք, դեղեր կան, որ իրենց կօգնեն։ Վերջերս եկել էին դեղերի ցուցակով, իսկ հարյուրավոր տուփերով դեղեր կան մաքսատանը»։

Կարապետյանը երկրորդ առաջարկն արեց՝ պետք է օրենքներ ընդունվեն, թեկուզ հրաման լինի կառավարության կողմից՝ բժշկական բարեգործական օգնությունը անհապաղ արագ զննվի ու բաց թողնվի։

«Հայաստանը ոչ առաջին ոչ վերջին անգամ է ստանում բարեգործական օգնություն, դա պետք է լինի պարզ՝ հասցեատերերը, օրենքները, հարկերը պարզեցված լինեն, որ մարդիկ կարողանան օգնություն տալ»։

Երրորդ քայլով Կարապետյանն առաջարկում է Սփյուռքին լրջությամբ վերաբերվել։ Նրանք հայրենիքից դուրս են ապրում, բայց դա չի նշանակում, որ նրանք հայրենիքի համար քիչ են ցավում։