1 օրում Հայաստան է ժամանել ռուս խաղաղապահներին տեղափոխող 22 ինքնաթիռ. ՌԴ ՊՆ

242

Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները Լեռնային Ղարաբաղ ռուս խաղաղապահների տեղափոխման շրջանակներում մեկ օրում 22 թռիչք են իրականացրել դեպի Հայաստան՝ տեղափոխելով 64 միավոր ավտոմոբիլային ու հատուկ տեխնիկա։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

«Մեկ օրվա ընթացքում «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները 22 թռիչք են իրականացրել։ Հայաստան է տեղափոխվել 64 միավոր ավտոմոբիլային ու հատուկ տեխնիկա՝ զրահամեքենաներ, բեռնատարներ, ավտոցիստեռններ, էքսկավատորներ և նյութատեխնիկական աջակցության այլ սարքավորումներ», – ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Երևան ժամանող անձնակազմն ու ռազմական տեխնիկան շարասյուներով ուղևորվում է Լեռնային Ղարաբաղ։ Օդային տարածքից շարասյան անվտանգությունն ապահովում են ուղեկցող Մի-8 և Մի-24 ուղղաթիռները։