Ցեղասպանության մեղավորներից՝ Գերմանիա. Էնվերին շոյելու համար գերմանացիները Թուրքիան անվանում էին «Էնվերլանդ». Փաստեր

15

1915թ-ի Հայոց ցեղասպանության իրագործման հարցում ժամանակի գերտերությունները մեծ աջակցություն ցուցաբերեցին երիտթուրքերին: Գերմանիան դրանցից մեկն էր, ով Օսմանյան Կայսրության դաշնակիցն էր և հակահայ գործունեության գլխավոր քարոզիչը: Այս ամենը ապացուցող մի քանի դրվագ ենք Ձեզ ներկայացնում՝ վերցված Ջոն Կիրակոսյանի «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» աշխատությունից:
Եվ ահա Գերմանիայի այդ ժամանկվա արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Ցիմմերմանի 1914թ-ի գրվածքներիցմի փոքրիկ հատված. «Թուրքիայի ամբողջականությանը սպառնացող վտանգից խուսափելու համար Գերմանիան, ըստ էության, հայերին պետք է լրիվ հանձնի թուրքերի տնօրինությանը»,- շարունակելով,- «եթե Գերմանիան պաշտպանի հայկական բարենորոգումների ծրագիրը և դրանով իսկ նպաստի հայերի պահպանման ծրագիրը, ապա հարկ կլինի հոգ տանել հայերի համակրանքը շահելու ուղղությամբ: Ինչևիցե, ես կանգ չեմ առել մի որևէ որոշակի տեսակետի վրա, պետք է մի լավ մտածել այդ ամենի մասին»: Ցիմմերմանի զրույցը հայոց արտաքին գործերի անպաշտոն հավատարմատար դոկտոր Զավրիևի հետ չափազանց հետաքրքրական է: Ցիմմերմանը հատկապես հետևյալ միտքն է հայտնել. «Գերմանիան երբեք չի կարող ապահով տիրապետություն ունենալ Կիլիկիայում և Միջագետքում, քանի դեռ Ռուսաստանը մտադիր է նվաճել Հայաստանը, քանի որ ամեն զինվորականի պարզ է՝ ով տիրում է Հայաստանին, նա անխուսափելիորեն տիրում է Միջագետքին և Կիլիկիային՝ դեպի Միջերկրական տանող ելքին»: Զրույցը տեղի է ունեցել 1914թ.-ի սկզբին:

Հետաքրիր են նաև գերմանական սոցիալ-դեմոկրատների մեղադրանքները՝ ուղղված Լեփսիուսին: Մասնավորապես՝ «Ուլշտեյն պաբլիշինգ հաուզի» դիրեկտոր, հրատակիչ Յուլիոս Կալիսկին և շատերը Լեփսիուսին մեղադրում էին հայոց վիճակը անհիմն կերպով ծայրահեղ գույներով ներկայացնելու մեջ: Կալինսկին նույնիսկ գոհունակություն էր հայտնել, որ հայերի գործարար ունակությունները կարող էին «հաջողությամբ փոխարինվել հրեականով»:

Սակայն այս թվարկումների մեջ ամենից ուշագրավը գերմանական ֆաշիստ Կուրտ Օկայի 700 էջանոց գիրքն է՝ նվիրված Էնվեր փաշային՝ Գերմանիայի «մեծ բարեկամին»: Գրքի բնաբանը Հիտլերի գովասանական կարծիքն է Էնվերի մասին: Ըստ Օկայի՝ «միայն Էնվերն էր ճիշտ հասկանում և գնահատում Թուրքիայի բարեկամությունը Գերմանիայի հետ»: Եվ այդ «հասկացող«շ» Էնվերին շոյելու համար գերմանացիները Թուրքիա ուղարկվող ապրանքների վագոնների վրա Թուրքիայի փոխարեն գրում էին «Էնվերլանդ»: