Վանի թագավորության գերագույն աստվածը՝ Խալդին, նույն Հայկն է

240

Բեհիսթունի արձանագրության մեջ հայ Արաքան հիշատակվում է այսպես. «Մի մարդ, անունը Արաք(խ)ա, հայ, Հալդիտայի որդին»: Հալդիտան Հալդի կամ Խալդի աստվածն է, որին ոմանք անվանում են «Ուրարտացիների գլխավոր աստված»: Եվ ահա շուրջ 2500 տարի առաջ գրված արձանագրությունը պարզ ասում է՝ Արաք(խ)ա նամա, արմինիյա Հալդիտահյա պուրա-Անունն Արաք(խ)ա, ինքը հայ, Հալդիի որդի: Այսինքն՝ հայ և Հալդի աստծու որդի նույն բանն են, ինչպես որ նույն են Ուրարտ և Հալդի աստծու որդի կամ սոմեխ և Հալդի աստծու որդի:

Դարեհը Արաք(խ)ային հիշատակում է մ.թ.ա. 520 թ.-ին, այսինքն՝ Վանի թագավորության պարտությունից (մ.թ.ա. 590-585թթ.) 60-70 տարի հետո: Ուրեմն Արաք(խ)այի մեծ հայրը ապրում էր Վանի թագավորության ժամանակ և նրա անկման օրերին: Վանի թագավորության այդ ժամանակ ապրած այդ հայը որդուն անվանել է Վանի թագավորության գերագույն  աստծո՝ Խալդիի անունով: Արևի պես պարզ է, որ վանեցիները եղել են Խալդիին պաշտած հայեր:

Փաստերի մանրազնին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրավացի են այն գիտնականները, որոնք Հալդի կամ Խալդի աստվածը նույնացնում են Հայկ կամ Խայկ աստծու հետ (հայ/խայ ինքնանվան զուգահեռն են համարում խալ-ը): Քելյաշինի արձանագրության նորխուռիական մասում այդ անունը գրված է Ալդի և Խալդի ձևերով: Առաջին ձևը նույնանում է Հալդի-ի հետ: Եթե նորրխուռիերենի ի-ն որպես ուղղականի վերջավորություն հանենք, կունենանք  Հալդ և Խալդ ձևերը: Հայերենում նույնպես ունենք Հայկ (գրաբարում ավանդված ու մի շարք, այդ թվում Վանի բարբառում առկա) ձևերը:

Հայկը (Խայկը) եղել է հայերի գլխավոր, նաև ռազմի աստվածը: Հալդ (ի)-ն կամ Խալդ(ի)-ն Հայկ-Խայկ-ի նորխուռիական մեզ հասած ձևը պետք է լինի: Ինչպե՞ս է Հայկը արտասանվել հայերենում Մաշտոցից 1000 և ավելի տարի առաջ, դժվար է ասել. արդյո՞ք հնարավոր է, որ նրա հիմնային մասը արտասանված լինի Հալ կամ նման մի ձևով, արդյոք կ-ն հետագայի հավելում չէ՞, այս ամենը քննության նյութ է: Համենայն դեպս լ/յ զուգահեռությունը հաստատում են հայոց բարբառները՝ գալիս/կյայիս, տալիս/տայիս և այլն: Հնարավոր է նաև, որ հայերեն հնագույն ձևի նորխուռիերեն հնչյունադարձությունն է Հալ=դ կամ Խալ+դ:

Իհարկե հնարավոր է, որ «Խալդիտայի որդի» խոսքով՝ Դարեհը ուղղակի ու բացահայտորեն նշած լինի արմին (հայ) Արաք(խ)այի Խալդեան լինելը, այսինքն՝ խալդական վանեցի (կամ Խալդորդի) լինելը: Հայտնի է, որ հնում ցեղի ամեն մի անհատ համարվում էր այդ իր ցեղի որդին կամ իր ցեղի ազգային գլխավոր աստծո որդին:

Ըստ Խորենացու հայտնի հաղորդման՝ Հայկը եղել է հայկական ցեղերի առաջնորդ և զորավար: Ցեղային առաջնորդների աստվածացումը հնում սովորական երևույթ է եղել: Այդպես հայերի մեջ պետք է՝ աստվածացված լինի Հայկ-Հալդը:

Հետաքրքրական է, որ Արգիշտի I-ի մի արձանագրության մեջ Խալդը անվանված է հայերեն «աստված» բառի նորխուռիերեն տառադարձությամբ՝ aštiuazi:

Օգտագործվել են Ռաֆայել Իշխանյանի և Մարտիրոս Գավուքճյանի աշխատություններից հատվածներ: 

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով: