Սոցիալական բունտը պետք է վերածել համազգայինի

15

Հայաստանում արդեն մի քանի տարի է՝ քաղաքացիական լուրջ անհնազանություն է հասունացել, բայց վերջին մի քանի ամիսներին այս ընդվզումը խիստ լրջացել է: Բողոքի ցույցեր անցկացվում են քաղաքի գրեթե ամեն մի անկյունում, մարզերում, գյուղերում: Բողոքում են Կոնդի բնակիչները, բնակարան գնածները, զոհված զինվորների մայրերը, իրենց տնից ապօրինաբար դուրս շպրտվածները, շենքերի բակում անօրինական հյուրանոցներ կառուցողների դեմ բողոքողները, ազատամարտիկները, գյուղացիները, և ահա դուրս են եկել երիտասարդները և պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ: Հայի համբերության բաժակը լցվել է: Այլևս տեղ չկա դիմակայելու: Համատարած թանկացում, համատարած ճնշում, քաղաքացու հանդեպ բռնություններ, ոստիկանական ճնշում հարկի-անհարկի, ներքաղաքական խառնաշփոթ, նողկալի ղեկավարություն, ստորաքարշ կյանք և սեփական հողում ազատ ապրելու անհնարինություն: Այս թվարկածներս շատ մեղմ են և իրականում ավելի խորքային է համակարգում տիրող ճղճիմ վիճակը: Հայաստանցին միշտ տեսնում է արտաքին-սոցիալական դրությունը, իր գրպանին վնասող քայլերը: Այդպես էլ պիտի լիներ, քանզի չեն թողնում այս ազգին փող հայթայթելուց բացի այլ ուղղությամբ մտածել, թույլ չեն տալիս, որ մի օր ազատ ու մաքուր ուղեղով ու բաց հոգով ապրել: Հենց այս սեղմված ու ճնշված կյանքի արդյունքում է ծնվում բողոքն ու անհնազանդությունը. սոցիալական բունտը, որը, ցավոք, մասնավոր է և չի ընդհանրացվում: Բացեմ ասածիս բուն իմաստը: Այսօր գյուղացին, շինարարը, տրանսպորտի դեմ բողոքողը, զոհված զինվորի մայրը և մյուսները փողոց են դուրս եկել իրենց անձնական, իրենց կյանքին, գործին վերաբերող թեմայի համար: Երբ այս մարդիկ դուրս են գալիս, նրանք անհատ են, միավորվում են ծայրահեղ դեպքում նույն թեմայի շուրջ մտահոգվողները, իսկ թեմայից դուրս մարդիկ չեն խառնվում այս մյուսներին: Այսինքն՝ փողոց ենք դուրս գալիս ամեն մեկս մեր դարդի համար և չենք կարողանում դիմացինի խնդիրն էլ կապել մերին և բողոքը դարձնել ընդհանրական և ոչ թե՝ մասնավոր: Այսօր մենք ունենք այս խնդիրը, որը թույլ չի տալիս, որ սոցիալական բունտը վերածվի համահայկական բունտի, և փողոց դուրս գան յուրաքանչյուրը՝ հիշելով անձնական խնդիրը՝ չմոռանալով, որ դիմացինը նույնպես խնդիր ունի, որ համազգային է: Սակայն այս ամենի մեջ ժողովրդի մեղքը չկա: Հայը որպես ազգ ձևավորվել է դեռևս հազարամյակներ առաջ, սակայն որպես ժողովուրդ մինչ օրս չի ձևավորվել, դրա համար է, որ մենք չենք կարողանում համախմբված սոցիալական բունտը հեղաշրջման վերածել: Իսկ Եվրոպայում, Մերձավոր արևելքում, Արևմուտքում խնդիրն այլ է, նրանք ձևավորված ժողովրդական զանգվածներ են՝ հենված սոցիալական ուղղվածության վրա, այնտեղ նյութն առաջնային է: Հայ ազգին էլ է այս վարչախումբն ուզում վերածել սոցիալական զանգվածի, որը նյութից բացի ոչինչ չճանաչի, պաշտպանելով օտարի շահերը, բայց այնքան ճղճիմ են անում այդ ամենը, հային քաղցած ու օրվա հացի կարոտ են պահում ազգային արժանիքները կոտրելու համար, սակայն տեսնում ենք, որ չի ստացվում: Պատճառը մեկն է, այս վարչախումբն առաջնորդվում է անձի շահերով և նույնիսկ իրենց ներսի գայլերի շահերն են անտեսվում, երբ առաջ է գալիս կոնկրետ մեկի շահը: Այս ամենը պետք է օգտագործել: Բայց փաստն այն է, որ սոցիալական թևը մեզ մոտ խիստ մասնավորեցված է: Ինչը չի նշանակում, որ մենք հաջողություն չենք ունենալու և չենք կարողանալու բողոքել: Ամենևին, այսօր էլ բողոքում ենք ազգային հատկանիշներ կրելով և ոչ ժողովրդական: Չենք հաղթում մինչ օրս, քանզի մեր երկրի իշխանությունները գիտեն, որ եթե թույլ տան մի հաղթական ակցիա, ապա մյուսներն անխուսափելի են: Այսօր բողոքում ենք տրանսպորտի թանկացման դեմ, գրեթե հաղթանակ է տանում ըմբոստ քաղաքացին, բայց թույլ չեն տալիս, որ սրանից ոգևորված չհասունանա մյուսը: Իրականում Հայաստանում միայն այս թանկացումը չէ խնդիրը, ներքին քաղաքական վիճակը, հարևաններին որոշելու հարցը, արտաքին թշնամիները և ներսի կրծողները, օտար մարմինները, որ արմատացել են երկրի ներսում և հայի արյունն են քամում՝ առանց բացահայտելու իրական պատճառները: Հային իր երկրի ներսում ոչնչացնում են: Հայ ազգի պայքարը խիստ մեծ շառավիղ պետք է ունենա, և մերօրյա բողոքողներին պետք է միանան բոլորը: Դաշտը բաց է, ժողովրդի միտքն ազատ է դեռևս, այսինքն ոչ մի կուսակցական խաղ չկա մեջտեղում, ինչն ավելի լավ է, քան մեկի շահի համար այդքան մարդուն օգտագործելը և իսկական պահն է սոցիալական բունտը վերածել քաղաքական հեղաշրջման, իհարկե, մշակված և հայանպաստ, ազգային գաղափարաբանությամբ առաջնորդվելով: Դրա համար հարկավոր են ազնիվ և հայասեր մտավորականներ, ովքեր կուղղորդեն, ստրատեգիկ ծրագիր կմշակեն ժողովրդի հետ այս իրավիճակից հաղթական դուրս գալու համար: Հաղթանակը մի օր գալու է, պարզապես պետք է մտածել ազգային և ոչ թե ժողովրաբար:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};