Սերժ սարգսյանական ցենզուրայի հետևում ո՞վ է կանգած

20

Սերժ Սարգսյանի հունիսի 29-ի խորհրդակցությունը ոչ միայն առանձնացավ իր որակական հատկանիշներով, այլև յուրահատուկ էր ժողովրդին ուղղված կոչով: Սկսենք խորհրդակցությունից, որը նվիրված էր վերջերս մեծ աղմուկ հանած ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին ու նրա հրապարակած հաշվետվությանը, որում ասվում է, որ մեր բյուջեի 900 մլրդ դրամի 700 մլրդ-ը կերել է ոչ թե ժողովուրդը, այլ նույն կառավարությունը: Ելույթից հետո Զաքարյանը բախումներ էր ունեցել և՛ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ, և՛ պետական համակարգի այլ անձանց հետ նույնպես: Նախ Սարգսյանը այս հաշվետվությունը զրոյականացրեց այն ամբողջությամբ որակելով չհիմնավորված, հետո անցավ անձամբ Զաքարյանին՝ նրան մեղադրելով անձնական կարծիքը հայտնելու մեջ, հետո հայտարարեց, որ ոչ մեկի կարծիքը հետաքրքիր չէ, թվերն են կարևոր, հետո բարկացավ դատախազի վրա, որ Զաքարյանին բանի տեղ է դրել և պահանջեց իր գործով զբաղվել, բայց Սարգսյանը մոռացավ կառավարության մասին, ով մեղադրվում էր այս փողերն ուտելու մեջ: Այս խորհրդակցության կրկնօրինակը բոլորս էլ հիշում ենք, որ տեղի ունեցավ ամիսներ առաջ, երբ նախագահը հոխորտաց ու բարկացավ վարչապետի վրա, հիմա հերթը մյուսներինն էր, բայց չենք մոռանում նաև, որ այդ հոխորտանքից հետո վարչապետ Սարգսյանը կառավարությունը ղեկավարելիս ոչ մի փոփոխություն չմտցրեց իր աշխատանքի մեջ, ոչ մի հափշտակած գումար իր տեղը չվերադարձվեց, ոչ մի անբարեխիղճ չինովնիկ չպատժվեց: Փոխարենը վարչապետի մասին օր օրի նոր բացահայտումներ են առաջ քաշվում, և պատկերը լրիվ այլ է՝ նախագահի պատկերացրածից էլ վատ: Այսօր էլ նախագահը բարկանում է Զաքարյանի վրա, Հովսեփյանի, բայց իրականում սա լինի շոու, թե իրականությու,ն մեր ժողովրդի համար ողբերգալի փաստ է: Քանզի կրկին իշխանության ներսում իրար միս են ուտում, մեջտեղում կորչում է բյուջեի փողերը, որոնք նախատեսված են այս ժողովրդին ծառայելու համար: 

Այս ելույթով Սարգսյանը նաև գրաքննություն է մտցնում պետական բարձրաստիճան օղակներ: Սարգսյանը հայտարարեց, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյա պարտավոր է նախօրոք պատրաստվել նոր խոսել՝ բացառելով սեփական կարծիքները: Թվում է, թե նորմալ բան է, որ պաշտոնյան պատրաստվի, բայց սրան հաջորդում է Սարգսյանի հաջորդ խոսքը. «որ իր ու մյուսների խոսքերի մեջ հակասություններ չառաջանան», ահա թե որտեղ է թաքնված շան գլուխը: Սարգսյանը բարկացել է, որ իր խոսքերին հակադրվել են իր իսկ ստեղծած մարմինը, ում ինքն այդքան շատ գումար է վճարում: Այսինքն՝ գրաքննությունն է շրջանառության մեջ մտնում, ինչը ավելի է սահմանափակում պետական պաշտոնիայի, լրագրողի և հասարակության կապը: Ճիշտ ինֆորմացիան դառնում է անհնար: Իհարկե, նախագահականը բոլոր մարմիններն էլ վերահսկում է, դրանում խոսք չկա, բայց երբ խոսքը գնում է պաշտոնյայի խոսքին, սա արդեն նոնսենս է: Մյուս զավեշտը սեփական կարծիքի արտահայտումն է: ՀՀ Սահմանադրության 27-րդ կետը հստակ սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք…: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ ևգաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից…», պարզվում է Սարգսյանի սրտով չէ այդ կետը, այլևս ոչ մի կարծիք, բոլորս պետք է շարժվենք ու հետևենք միայն իր՝ նախագահի կարծիքով (կամ էլ իրեն այդ հրամանը տվողի): 

Բայց ամենակարևորը 700 մլրդ-ի կորուստն էր, կամ թե ինչպես կարող էին ուտել այդքան գումարը. սա խիստ զարմացրել ու զայրացրել է Սարգսյանին: Իսկ ինչո՞ւ է զարմանալի, պրն նախագա՛հ, մի՞թե 700 մլրդ-ը ձեզ ու իշխանության ներկայացուցիչների համար այդքան մեծ փո՞ղ է, որ զարմանում եք՝ ինչպես կարող են ուտել 900-ի 700-ը: Զաքարյանի բախտը պարզապես չբերեց, որ ավելի կլորիկ գումար չէր ասել, թե չէ սա էլ կանցներ: Հետո նախագահն անդրադարձավ Զաքարյանի հաշվետվությանը, որն, ըստ Սարգսյանի, ամբողջական չէր և խորհուրդ տվեց հետևել վիճակագրական վարչության պետին, ով «ոչ մի թիվ չի կեղծում»: Այստեղ նախագահն անցավ զավեշտի բոլոր սահմանները: Բոլորս քաջածանոթ ենք, որ վիճվարչությունն արդեն տարիներ շարունակ թիվ նկարելով է զբաղվում և կլորացնում, նվազացնում ու պակասեցնում է թվերն ըստ նախագահականի քմահաճույքի: Սա էլ է տանում իմ այն խոսքին, որ նախագահականի ցենզուրան սողոսկում է ամենուրեք: Բայց մի՞գուցե նախագահն ինքն է այս ցենզուրայի զոհը դարձել, մի՞գուցե վերևներից պարտադրել են այս ամենի վերջը տալ, չէ՞ որ Սերժ Սարգսյանն էլ մտքի սայթաքումների մեծ վարպետ է, ինչը շատ հաճախ խանգարում է գործը կարգին գլուխ բերելուն:
Այս շոուն արդեն անցել է իր բոլոր չափերը և հարկավոր է վերջ դնել շոուի մասնակիցների ու շոուի ղեկավարի խաղը: Սարգսյանն արդեն 6-րդ տարին է խոսում է, որ երկրում իրավիճակը կբարելավվի, կապրենք ապահով Հայաստանում, առանց կոռումպցիայի, առանց անբարեխիղճ չինովնիկների, իբրև թե կպատժվեն բոլոր մեղավորները: Պրն Սարգսյան, դուք գլոբալ եք ասում կպատժվեն, հստակեցրեք, ով կպատժվի, երբ, ինչի համար, որ բնագավառից: Տիգրան Սարգսյանն էլ է ասում կպատժվեն, բայց առաջինը ինքը պետք է պատժվի մեր տնտեսությունը գերեզմանի բերան հասցնելու համար: Բայց Սերժ Սարգսյանն իր այս ելույթով ցույց տվեց, որ վարչապետը մեր «պաշտվելիք սրբերից» է ու ոչ մի մեղք չունի, ոչ մի սկանդալի մեջ չկա: Իսկ ինչո՞ւ: Մի՞գուցե Սերժ Ազատիչը ինչ-որ կախվածություն ունի վարչապետից, ումից այդպես էլ չի կարողանում ձերբազատվել: Հարցեր, հարցեր….Մի խոսքով սրանք զուր, անիմաստ, սեփական շահերը հետապնդող խորհրդակցություններ են, միայն ֆենոտիպային բնույթ ունեցող, արմատային ոչինչ դեռևս չկա:

 
var addthis_config = {“data_track_addressbar”: true};