Պղինձը, արծաթը և երկաթը առաջինը հայտնագործվել են Հայաստանում. Հին հունական աղբյուրներ

133

«Ազատ Ձայնն» իր ընթերցողին է ներկայացնում Սուրեն Այվազյանի աշխատությունից մի հատված, որտեղ հեղինակը ցույց է տալիս, որ որոշ մետաղներ առաջինը հայտնգործվել են Հայաստանում, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհում զարգացած էր մետաղների հանքամշակումը և դրանց արտահանումը հին աշխարհ: Ստորև ներկայացնում ենք հատվածը.

«Հնում Հայաստանում արտադրությունը, հանքարդյունաբերությունը և մետաղագործությունը մեծ զարգացում ուներ, դրան նպաստում էին  Հայկական լեռնաշխարհի նպաստավոր պայմանները՝բնական հարստությունները, պետության առկայությունը, աշխարհագրական դիրքը, ինչն էլ իր հերթին  ստեղծում էր բոլոր նախադրյալները գիտության զարգացման համար:

Արդեն նշել ենք, որ Հայկական լեռնաշխարհի տարածքում հնագույն ժամանակներից ի վեր հայտնի էին, մշակվում և արտահանվում էին օգտակար հանածոների գրեթե բոլոր տեսակները, այդ թվում՝ պղինձ, անագ, ոսկի, արծաթ, երկաթ, կապար, ցինկ, մագնեզիա, ծարիր, սնդիկ, որձաքար, աղ  և այլն:  Անագը հին աշխարհի ամենահազվագյուտ մետաղներից էր: Անագի համար հեռագնա արշավանքներ էին կազմակերպվում ընդհուպ մինչև Բրիտանական կղզիներ և Պիրենեյան լեռներ:  Հին Հայաստանի տարածքում  անագը հայտնաբերված էր մի քանի վայրերում՝ Աղձնիքում, Վանում, Կարինում, Սյունիքում, այսինքն՝ Արարատյան հարթավայրին անմիջապես մոտիկ:

Օգտակար հանածոներով հարուստ Հայաստանը նշանավոր տեղ էր գրավում հին աշխարհում մետաղների հանքամշակման և արտահանման գործում: Սկզբնական շրջանում Եգիպտոս, Հնդկաստան, Սկյութիա և Հունաստան էին հասցվում անագ, պղինձ, ոսկի, իսկ հետագայում՝ մեծ քանակությամբ երկաթ: Առևտրական կապերի հաստատումը հեռավոր երկրների հետ մեծապես նպաստում էին հայերի երկրաբանական-աշխարհագրական գիտելիքների զարգացմանը: Աստղագիտական գիտելիքների զարգացման մեծ ձգտում էր առաջանում: Պատահական չէ, որ Երկրի, Արևի, Լուսնի, մոլորակների և կողմնորոշիչ աստղերի մասին գիտելիքները Հայաստանում ժամանակին հասել էին բարձրագույն մակարդակի, և դրանք հարևան ժողովուրդներին հաղորդելով՝ հայերը «Լուսին» և «աստղեր» ուսումնասիրողների համաբավ էին վայելում:

Կարելի է բերել նաև մի քանի պատմագրական տվյալներ, որոնք  բնորոշում են Հայաստանը որպես հանքամետաղագործական կենտրոն: Ըստ հին հունական հեղինակներ Հոմերոսի, Հեսիոդոսի, Էսքիլեսի, Էվրիպիդեսի և այլոց՝ պղինձը, արծաթը և երկաթը առաջինը հայտնագործվել են Հայաստանում և արտահանվել ուրիշ երկրներ: Աշխարհի մեծագույն հնագետներ Ֆրենկֆորտը, Ժակ դը Մորգանը, Վուլլին և ուրիշներ, ուսումնասիրելով Էգեյան կղզիների, Փոքր Ասիայի հուսիս արևելյան շրջանների և հյուսիսային Պարսկաստանի մետաղագործական նմուշները, հանգում են այն եզրակացության, որ Հայաստանը մետաղագործության օրրաններից մեկն է: Անգլիացի Գորդոն Չայդի և ներկայիս խոշոր գիտնական, հնդիկ հնագետ Դիքշիտի կարծիքով  երկաթի ձուլման առաջին հայտնագործողները հայ լեռնցիներն են, իսկ երկաթի դարի հեղափոխության էպիկենտրոնը՝ Հայաստանի լեռները:

Վերոնշյալ բոլոր գիտնականներն ընդգծում են, որ Հայաստանը մշտապես մետաղներ է մատակարարել Ասուրաբաբելական աշխարհին, Եգիպտոսին, Հնդկաստանին և Մարաստանին:  Ռուս խոշոր գիտնականները, մետաղագործության պատմության մասնագետները պնդում են, որ մ.թ.ա. III-II հազարամյակներում Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի շատ երկրներին մատակարարվել է հայկական մետաղը:

Հանքամետաղագործական արտադրության կատարելագործումը և մետաղների, առաջին հերթին՝ երկաթի արտադրությունն ու արտահանումը այն նյութական հիմքն էր, որի վրա զարգացան արտադրողական ուժերը և դրանց հետ կապված աստղագիտական գիտելիքները Հայկական լեռնաշխարհում»:

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով: