«Պազիրիկ» գորգի հայկական ակունքները

165
Աշխարհի ամենահին գորգը 1949թ․-ին Ալթայի Պազիրիկ կուրգանի դամբարանից հայտնաբերված և բազմաթիվ գորգագետների ու գիտնականների բուռն քննարկման առարկա հանդիսացող «Պազիրիկ» կոչվող խավավոր գորգն է (մ․թ․ա․ VI-V դդ․), որ որոշ աղբյուրների համաձայն Վանի թագավորության շրջանի ծագում ունի։ Այս մասին գրում է Theartofarmfashion.blogspot.com-ը։ Ստորև ներկայացնում ենք բլոգի պատրաստած հետաքրքիր հոդվածը «Պազիրիկ» գորգի գաղտնիքների մասին։
 
«Գորգի հայկականության վարկածի հեղինակներից մեկը՝ հայտնի գորգագետ Ֆ․Գանցհորնն է, ով գորգի ծագումը կապում է փռյուգիացիների հետ և որպես արտադրության հավանական վայր նշում Արտաշատի մերձակայքը, որ հին մանածագործական կենտրոն էր։
 
Ինչպես Էրմիտաժի մասնագետներն են վկայում (այստեղ է պահպանվում գորգը), Պազիրիկը գործված է հայկական կրկնակի հանգույցով և ներկված հայկական որդան կարմիրով։  Սառցի շերտի տակ գորգը շատ լավ է պահպանվել, և այսօր հնարավոր է այն ճշգրիտ հետազոտել: Գանցհորնից բացի այլ գիտնականներ ևս գորգի ծագման հավանական վայրը համարում են Հայկական լեռնաշխարհը։
 
Մասնավորապես հնագետ և անտրոպոլոգ Ս․Ի․ Ռուդենկոն, ուսումնսիրելով գորգի կառուցվածքը, դեռ հայտնաբերելու պահին եկել էր այն եզրակացության, որ գորգն ունի առաջավորասիական ծագում։ Հին գորգերի հայտնի մասնագետ Ուլրիխ Շուրմանն իր աշխատության մեջ գրում է․ «Հենվելով բոլոր հետազոտությունների վրա, կարելի է ենթադրել, որ գորգը ծառայել է որպես թաղման արարողության պարագա և ամենայն հավանականությամբ հայկական ծագում ունի՝ գործվել է Վանի թագավորությունում։ 
Հատկապես հետաքրքիր է Հարալդ Բոհմերի և Ջոն Թոմսոնի վերլուծությունը, որում, հստակ նշելով նյութական հետազոտման արդյունքերը, հեղինակները գորգի ներկանյութերից ամենակարևորը համարում են կարմիրը ու նշում, որ դա Արարատյան դաշտի որդան կարմիրն է` նույն «Ararat kermes», «Ararat Cochineal» կամ «Porphyrophora Armeniaca» ներկանյութը, որ ստացվում էր Արարատյան դաշտավայրից`Aeluropus և Phragmites, և որն օգտագործվել է Ուրարտուի և Կիլհուի կարմիր զգեստներում: Նույն հոդվածում՝ որպես հավաստի տեխնիկական վերլուծության արդյունք, ևս երկու հանգամանք է նշվում։ Նախ, գորգը չէր կարող գործված լինել դաշտային Ալթայի ցեղերի կողմից. այն քաղաքային մշակույթի արգասիք է, և երկրորդ, որ հնարավոր չէր նման զարդանախշային բարդ դիզայնը գործել առանց սխեմայի՝քարտեզի կամ կրկնօրինակել։ Այսինքն՝ այն ժամանակ արդեն իսկ եղել է դիզայների և գորգագործի համագործակցությունը, և էական նշանակություն է ունեցել սխեմատիկ գծագիրը, կամ ինչպես այն կոչում են՝ Ta’lim-ը:

Այս ամենով հանդերձ քննարկումները շարունակվում են, իսկ գորգի ծագմանը վերաբերվող միասնական կարծիքը դեռ բացակայում է։ Դեռ շատերը շարունակում են Պազիրիկի գորգին վերագրել պարսկական՝ աքեմենյան, ասորական կամ սկյութական ծագում։ Նման վարկածները կապված են գորգի հորինվածքների՝ գրիֆինների, եղջերուների և ձիավորների նախշազարդերի հետ։ Սկյութական վարկածի կողմնակիցները հենվում են գորգի հայտնաբերման դամբարանում գտնված մումիաների դաջվածքների հետ պատկերների նույնականության վրա։ Ասորական և աքեմենյան վարկածների ջատագովները պատկերները նմանեցնում են Նինվեի և Պերսեպոլիսի տաճարների որմնանկարներին ու քանդակներին։
Սակայն, բացի տեխնիկական հանգամանքներից (ներկ, գործվածք), հորինվածքները և գորգի սյուժեն նույնպես խոսում են դրա հայկականության մասին։
Եվ դրանց մեջ ամենահետաքրքրականը, թերևս հենց կենտրոնկան ութթևանի աստղերն են, որ ամենաքիչ են ուսումնսիրվել, ուստի արժանի են հատուկ ուշադրության, բայց ներկայացվում են որպես լոտուս կամ վարդյակ:
 
Կարելի է ենթադրել, որ կենտրոնական քառակուսու մեջ եղած 24 ութաթև աստղերի պատկերման գաղափարը գալիս է դեռ մ.թ.ա IV-III հազարամյակներից, երբ շումերական սեպագիր համակարգում հայտնվեց ութթևանի աստղի պատկերը, որի նշանակությունն էր ilu “աստված”: Այս նույն նշանով շումերները նշանակում էին գերագույն Երկնային աստված Ան-ին:Նկար 3
 
Ավելի ուշ այս նույն նշանը հայտնաբերում ենք Վանի թագավորության Թեյշեբա աստծո զգեստի զարդարվածքում, այնուհետև Հայոց Արտաշեսյանների թագերին:  
 
Լոտուս-ութաթև աստղը կարելի է տեսնել Միջաքետքի բոլոր մշակույթներում, նաև միկենյան, բաբելոնյան, հունական դրամների, պատկերաքանդակների, սալիկների վրա։ Իտալիայի Chiusi քաղաքում հայտնաբերված՝ մ․թ․ա 4-րդ դարին պատկանող հայտնի սափորի վրա պատկերված ուղղահայաց դազգահի (դազգահի ամենահին պատկերումներից մեկում նույնպես տեսնում ենք մեր ութաթև աստղը։ 
 
Բայց, քանի որ նշանը նախ հենց շումերներն են կիրառել, ուրեմն այն ԱՆ Աստծո խորհրդանիշն է կամ Ինաննա շումերական աստվածուհու աստղը։ Այն հետագա մշակույթներում պահպանվել է որպես գերագույն Աստծո պատկերում, և ինչպես տեսանք, ընդունված է եղել պատկերել նաև գորգերի վրա։ Ինչ վերաբերում է այլ գորգերում նման պատկերներին, ապա հենց հայկական գորգերում մինչև օրս էլ ութաթև աստղը՝ ավելի ոճավորված, տեսնում ենք գորգերի կենտրոնական մասում»։ 
 
Շարունակությունը կայքում՝ Theartofarmfashion.blogspot.com։