Ո՞ւմ է պետք առանց գահի նախագահը

16

Ապրիլի 9-ին Երևանում տեղի կունենա ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունը, որին, ըստ պաշտոնական տեղեկատվության, ներկա են լինելու նաև մի շարք երկրների պաշտոնական ներկայացուցիչներ: Այդ մարդկանց համար բավականին հետաքրքիր ներկայացում է սպասվում, որովհետև դեմոկրատական պետությունների զարգացման ողջ պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա երկու նախագահների միաժամանակյա երդմնակալության արարողություն: Անհաջող է համեմատումը, սակայն պատմության մեջ հայտնի է, որ միայն հին արիական պետությունների համակարգում էր ընդունված միաժամանակ ունենալ երկու բարձրագույն ղեկավար: Հին Սպարտայում միաժամանակ իշխում էին երկու թագավորներ, իսկ Հին Հռոմում ողջ տարին կառավարում էին երկու կոնսուլներ: Այդ արիական համակարգը դարեր շարունակ իրեն արդարացրել էր, որովհետև հենվում էր ազգային ավանդույթների, սովորույթների և մշակված օրենքների վրա և երկու գերագույն ղեկավարները փոխլրացնում էին մեկմեկու և կարողանում էին որոշել և իրականացնել լավագույն տարբերակը հասարակության բարօրության համար: Մեր պարագայում լրիվ հակառակ պատկերն է: Ընտրություններից հետո ընկած ժամանակաշրջանը ցույց տվեց, որ երկուսն էլ ցանկություն չունեն լսելու մեկմեկու, էլ չենք խոսում, որ նրանք չեն կարող գործել միասին և գալ ընդհանուր հանրագումարի: Սակայն կան նաև ընդհանրություններ երկուսի մոտ էլ: Երկուսն էլ գտնում են, որ Սահմանադրությունը վատն է, և անհրաժեշտ է, եթե ոչ ամբողջությամբ, ապա արմատապես փոխել այն, սակայն երկուսն էլ ապրիլի 9-ին երդվելու են իրենց չընդունած Սահմանադրության վրա: Նրանցից մեկն անցել է կուսակցական փառահեղ դպրոց, իսկ մյուսը, մշտապես հայտարարելով իր քրիստոնյա լինելը, որոշ տվյալներով պատկանում է Քրիստոնեության բավականին կասկածելի ուղղության, և երկուսն էլ վաղը երդվելու են Աստվածաշնչի վրա: Երկրորդ կետը, այսինքն՝ Աստվածաշնչի վրա երդվելը շատ ավելի մեծ քննարկման կարիք ունի: Հայը հազարամյակներ շարունակ նաև Քրիստոնեություն ընդունելուց հետո երդվել է իր հոր արևով, իր նախնիների շիրիմներով և իր ցեղի պատվով: Թողնենք մի կողմ, որ ՀՀ-ն աշխարհիկ երկիր է, և Սահմանադրությունից օգտվելով՝ Հայաստանում սնկի պես աճել են աղանդները, նշենք միայն, որ Հայաստանում բնակվում են հայ աթեիստներ, հայ հեթանոսներ, ում համար Աստվածաշունչը չունի որևէ արժեք: Այժմ ցանկանում եմ հարցնել, ինչի՞ վրա են երդվելու մեր նախագահները, ովքեր նույնիսկ չեն կարողանում Առաքելական եկեղեցու ընդունված կարգով խաչակնքվել: Պարզվում է, որ երկու նախագահներն էլ համահայկական ոչ մի սրբազան էության վրա էլ չեն երդվում և ամեն պահի կարող են երդմնազանց լինել: Հայոց լեզուն հանճարեղորեն պարզ է, և նրա ամեն մի բառն ու արմատը խոր իմաստ են պարունակում: Մենք ընտրում, ավելի ճիշտ, դրսից նշանակում և մեզ են հրամցնում նախագահների, ովքեր իրենց ցանկությամբ, հաճախ նաև կամակորությամբ և դրսի թելադրանքով ղեկավարում են մեզ: Սակայն արդյոք հայը մտածե՞լ է, թե ինչ է նշանակում նախագահ, և ով իրավունք ունի գահի առջև կանգնելով՝ իրեն կոչել նախագահ: Դա պետք է լինի այն մարդը, ով, լինելով իմաստուն, ազգային արժեքները կրող, կարող է դառնալ կապող օղակ արքայի և ժողովրդի միջև: Ցավոք սրտի, մենք այժմ չունենք հայոց արժանավոր արքա, որով էլ անիմաստ է դառնում կապող օղակը արքայի և ժողովրդի միջև: Հայկական համակարգի վերականգնման համար անհրաժեշտ է ոչ թե օտար ավանդույթների կրկնությամբ երդվել գոյություն չունեցող Սահմանադրության և ոչ բոլորին ընդունելի Աստվածաշնչի վրա, այլ ձևավորել ազգային դիմագիծ ունեցող մարդկանց խումբ, որը կկարողանա անցյալը կապել ապագային, և ստեղծել ոչ թե նոր Հայաստան, այլ վերածնել հայ ժողովրդի ոգեղենությունը և հայրենիքը, որը ողջ հայության համար միակն է, ամբողջականը և քարտեզագրված է ամեն մի իրական հայի հոգում:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};