Նյութն է դարձել մարդու միակ սրբությունը. Հայե՛ր, արթնացեք…

7

Երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտաարեց, որ նոր վարչապետը բոլորի կողմից սիրված ու ընդունելի է լինելու, բոլորը մի պահ ասես տարակուսեցին, նույնիսկ սկսեցին հավատալ, որ Սարգսյանը ուշքի է եկել և ուզում է մի կարգին վարչապետ բերել ու երկրի վիճակը բարելավել նոր կառավարության օգնությամբ: Բայց ավաղ, ինչպես միշտ, Սարգսյանի խոսքերի պիտանելիության ժամկետը մեկ օր չի դիմանում, և հաջորդ օրն արդեն նախագահականին մոտ կանգնած լրատվամիջոցները բարձրաձայնում էին Հովիկ Աբրահամյանի վարչապետության մասին: Աբրահամյանը օրեր անց ՀՀԿ խորհդի նիստում ընտրվեց որպես վարչապետ: Հետո արդեն նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նախագահը միասին հայտարարեցին, որ նոր կառավարության կազմը շատ բազմազան ու էլի ժողովրդի սրտով է լինելու: Եվ ի՞նչ: Կառավարության կազմում տեսնում ենք նախկին ու ներկա դեմքերի, ովքեր, մեղմ ասած, Հայաստանի միսն ու արյունը քամել են: Հեռու չգնանք, միայն նրանց անունները բավական է պատկերացնելու հետագա ընթացքը՝ Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Հասմիկ Պողոսյան, Հրանուշ Հակոբյան և այլք: Իսկ այսօր հայտնի դարձավ, որ Գալուստ Սահակյանը կգլխավորի ԱԺ-ն՝ «ընդդիմության» բարձր հովանու ներքո: Ողբալի է, որ Գագիկ Ծառուկյանը, ով նույնիսկ երկու նախադասություն չի կարողանում իրար ետևից ընթերցել, դարձել է ընդդիմության թելադրող, իսկ Լևոն Տեր- Պետրոսյանը՝ առաջին ու վերջին նախագահ: Բա՛վ է, պարոնայք:

Այս բոլոր մարդիկ ամեն օր օգնում են, որ Հայաստանը մեռնի, որ հայն օր օրի օտարանա իր երկրից ու ամեն օր այս երկրի ներսում իրեն զգա ինչպես ճահճի մեջ: Սերժ Սարգսյանը հերթական անգամ ապացուցեց, որ իր մաշկից զատ ոչինչ չի հուզում իրեն: Այս կառավարությամբ նա միայն մի խնդիր լուծեց. իր նախագահության տարիներին վերահսկողության կենտրոնացում իր գլխավորությամբ, հաջորդը՝ Մոսկվայի քիմքին հաճոյանալն էր: Այս երկու խնդիրն ուներ իր առջև դրած Սարգսյանը: Նա նաև պետք է լուծի իր նախագահությունից հետո եկող ապագա ղեկավարության կազմի հարցը: Սրա համար դեռ ժամանակ ունի և վստահաբար դեռ շատ վերադասավորումներ կլինեն:

Ի՞նչ է անելու հայ մարդը առաջիկայում: Ներկա կառավարությունը, Ազգային ժողովը, նախագահն ու ընդդիմությունը վստահաբար ոչ մի առաջընթաց քայլ չեն անելու: Օլիգարխիան, մենաշնորհը, քրեական բովանդակությամբ պատմությունները անպակաս են լինելու մեր գլխից: Երբ երկրի ֆինանսների նախարարը լինի միլիարդատեր Գագիկ Խաչատրյանը, սփյուռքի նախարարը Հրանուշ Հակոբյանը, մշակույթինը՝ մսագործ Հասմիկ Պողոսյանը, Ազգային ժողովի նախագահը Գալուստ Սահակյանը, ում քաջագործությունների մասին շատերն են լսել, էլ չխոսենք վարչապետի մասին: Ի՞նչ են անելու այս մարդիկ սեփական կերակրափողը լցնելուց զատ, ոչինչ: Հայաստանում ներկա ղեկավարությունն ամեն ինչ անում է Հայաստանը հայից օտարելու համար: Այս իշխանությունները դրսից բերված մարդկային խումբ են, ովքեր հավանաբար հայ էլ չեն: Ներկայումս նույնսիկ անկարևոր է, թե մենք որ ուղղությամբ կգնանք՝ Մաքսային, թե Եվրոպա, միևնույն է, երկուսն էլ փակուղի են, երկուսն էլ նույն թակարդն են՝ համահարթեցման բոլոր դրսևորումներով հանդերձ: Սա փաստ է: Միայն տեսնում ենք, որ մեր աչքի առաջ Հայաստանը կորցնում ենք:

Այս երկրում ամեն ինչ ապազգային է, բոլոր համակարգերը աղավաղված են, նյութն է դարձել մարդկային միակ սրբությունը: Ցավոք, շատերին թվում է, թե Հայաստանն այս վիճակին է հասել միայն անցած 25 տարվա ընթացքում: Ոչ, Հայաստանը հայից օտրելու գործընթացը սկսվել է դեռևս 2000 տարի առաջվանից, երբ մեզ ստիպեցին հավատալ ուրիշների հավատացածին, ստիպեցին, որ հավատանք մենք տկար ենք, ստիպեցին ապրել ուրիշների լծի տակ, բազմիցս ցեղասպանեցին, և այսօր այստեղ ենք: Ու ոհմակների այս խումբը՝ հովանավորվող դրսի գայլերի կողմից, մի ամբողջ ազգ, ով ոչ թե 4000, այլ 40.000 հազար տարվա վաղեմություն ունի, նենգափոխվում, նյութականացվում և հեռացվում է Հայաստանից: Այսօր մեր հայրենիքին իրապես ազգանվեր, հայրենասեր և ի ծնե հագեցած մարդիկ են հարկավոր, որ ձերբազատվենք այս գայլերի խմբից, ովքեր տարիներ շարունակ մեզ հոգեպես մանկուրդի են ենթարկում: Այս մարդկային խումբը՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ պետք է հեռանան Հայաստանից՝  իրենց  հետ տանելով անմարդկային բարքերն ու անհայրենիք հոգեվիճակը:

Ժամանակն է ոտքի կանգնելու, հերիք է ինչքան սպասեցինք:

Լուսանկարը` Civilnet.am

var addthis_config = {“data_track_addressbar”: true};