Հրեական լոբբին խանգարում էր ԱՄՆ-ին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը. Իրանցի գիտնական

15

«Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի կառավարության համար գլխացավանք է դարձել», իրանական Irna լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է «Գիրիսուն» համալսարանի դասախոս Աբբաս Ղարե Աղաչլուն: Տեղեկացնում է Panorama.am-ը:

Իրանցի գիտնականը` անդրադառնալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, նշել է. «Աշխարհի 36 երկրի խորհրդարան ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: Հաշվի առնելով Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում առաջացող լարվածությունը՝ հնարավոր է, որ ԱՄՆ Սենատը պաշտոնապես ճանաչի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը»:

Շարունակելով խոսքը՝ Աբբաս Ղարե Աղաչլուն հավելել է. «Մինչև այդ հրեական լոբբին կարողանում էր արգելափակել նմանատիպ օրինագծերը, սակայն «Մավի Մարմարա» նավի հետ կապված միջադեպից հետո իրավիճակը փոխվեց և չեմ կարծում, որ այսուհետ հրեական լոբբին նախկինի պես օգնի Թուրքիային: Եթե հայկական, հրեական և հունական լոբբիները միավորվեն, ապա ԱՄՆ Սենատը կհաստատի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը»:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին՝ իրանցի գիտնականը նշել է. «Մինչև 2015թ. Թուրքիայի համար դժվար է լինելու. մի կողմից նախագահական և խորհրդարանական ընտրությունները, մյուս կողմից սիրիական ճգնաժամը»: