Հողի, քարի և աղի պաշտամունքը հնագույն Հայաստանում

284

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում մեր նախնիների պաշտամունքային առարկաներից՝ հողին, քարին և աղին վերաբերող մի նյութ, որտեղ տեսնում ենք, թե ինչպիսի հավատալիքներ ունեին և ինչու էին հավատում դրանց:  

Երկիրը կամ գետինը մայրն է բոլոր բարիքների, որոնցով ապրում են մարդիկ և կենդանական ամբողջ աշխարհը: Հողին վերագրվել են այն բոլոր հատկանիշները, որ ունի ծնող-մայրը, որից էլ ծագել է հողը Հայաստանում մայր համարելու հնագույն գաղափարը: Հողը հին ընմբռնումներով կենդանի էակի նման է: Անձնավորված հողը կախարդական զորությամբ է օժտված: Այստեղից էլ պարսից թագավոր Շապուհի՝ կախարդների խորհրդով Հայաստանից հող ու ջուր բերելը և Արշակ Երկրորդ արքային փորձելը: Հող-գետի զորությունն ընդունելու գիտակցությամբ է բացատրվում, որ Հայաստանում եղել են նրանով գուշակություններ անող վհուկ-գուշակներ, որոնք հայտնի էին գենակող անունով: Քրիստոնյա գործիչների վկայությամբ հողի միջոցով դյութում էին և հուռութ անում:

Թեև եկեղեցական գործիչները կատաղի պայքար էին մղում հողապաշտության դեմ, համենայն դեպս իրենք էլ ազատ չմնացին այդ պաշտամունքից: Քրիստոսի վկաների և հայ եկեղեցական նշանավոր գործիչների գերեզմանները վերածվեցին սրբավայրի, որոնցից վերցված հողով ոչ միայն ձգտում էին բուժել մարդկանց և անասունների հիվանդությունները, այլև անպտւղ կանանց օժտեղ պտղաբերությամբ:

Հայաստանում քարի պաշտամունքը նույնքան հին ու տարածված է եղել, որքան հողինը: Պատճառները, անշուշտ եղել են քարի չափազանց առատությունը, կայծակների և այլ արհավիրքների հետևանքով ժայռերի կործանումն ու ջարդվելով կրակներ արձակելը, հրաբուխների առատությունը՝ հետևապես քարեղեն կրակների ժայթքումները, ժայռերի վրա մարդկային, կենդանական և ֆանտաստիկ կենդանիների պատկերների քանդակները, պելեոլիթյան մարդու քարի բնական կտորներն իբրև նախնական գործիքներ օգտագործելը, հետագա հազարամյակներում քարը գործիքների և զենքերի պատրաստման համար հումք ծառայեցնելը և այլն: Քարը քարով և մետաղե գործիքով մշակելիս ստացվող կայծերը ևս նախամարդկանց մեջ կասկած չէին հարուցում, որ այդ կայծը առարկայի մեջ կենդանի ոգիներ են ապրում: Քարի հետ կապված այդ ահ ազդող երևույթները և տնտեսական օգտակարության հանգամանքը ծնել են քարի մեջ բնակություն հաստատած չար ու բարի ոգիների գաղափարը: ժայռեղեն-հողեղեն այրերում նախնական մարդը բնակեցրել է իր երևակայած չար ու բարի ոգիներին՝ մարդկային և դիվային կերպարանքներով: Գիտնականների կարծիքով հենց այս անիմիստական հայացքներից էլ ծագում է այն գաղափարը, թե քարը հանդիսանում է մեռած մարդու հոգու օթևանը: Պրոֆ. Սամուելյանը նույնիսկ այս ոգեպաշտական հայացքներից է մակաբերում ննջեցյալների վրա հետագայում քարեր դնելու, իսկ ավելի ուշ՝ շիրմաքարեր և խաչքարեր կանգնեցնելու սովորությունները: Իսկ նախնու այդ հոգին, ըստ քարեդարյան մարդու մտածողության, վերստին վերադառնալով կանանց մեջ, պտղաբերվում է իբրև նոր սերունդ:

Քարն օժտված է մայրական հատկություններով. այդ է պատճառը, որ պտղաբերությունը  հովանավորող քար-հուշարձանների մեծ մասը մակբերվում է կնոջից, նրա քարացումից:

Պաշտամունքի առրկա է եղել նաև աղը, որը գալիս է սննդամթերքների մեջ նրա խաղացած կարևոր դերից: Աղի անիմիստական պաշտման հետք է հիշատակվում Հովհ. Մանդակունու մի դիտողության մեջ, ուր ասված է. «Արդ յորժամ ի խտիրս և ի հմայս երևի կևոս և իդիւթութիւնս…, ի շարժակամս բժժանաց, հմայից, դիւթաց, յորս կոչեն զդևս յաղ, յերկաթ…, որով պղծեն և կորուսանեն զոգիս հնազանդելոցն»: Նա հանդիմանում է մարդկանց՝ աղով, ածուխով ու կարմիր ասեղնագործ պարագայով սատանայական հուռութներով դյութելու համար: Որոշ նյութերի համաձայն՝ աղի պաշտամունքը սերտորեն կապվում է մարդկային պտղաբերության հետ: Աղը Անահիտ դիցուհուց անբաժանելի է. այդ երկուսը միասնաբար հովանավորում են մորն ու մանկանը: Դա արտահայտվում էր նրանով, որ աղը պահվում էր Անահիտ դիցուհուն պատկերող կանացիատիպ կավե աղամանների մեջ: Ամենայն հավանականությամբ, հին  հայերը աղը համարել են Անահիտի պարգևը, որով պետք է բացատրել նորածին մանկան վրա աղ ցանելու, ինչպես նաև մարդկանց և տան անմաքրությունն աղով մաքրելու սորովությունը:

Աղբյուրը՝ «Հայ ազգագրություն», Վ. Հ. Բդոյան