Հնագույն հայկական բնակարաներ. նկարագրում են օտարերկրյա և հայ ճանապարհորդները

73

Հայ մարդը հնագույն ժամանակներից սկսած, երբ իր հարևանները դեռ հավաքչությամբ էին զբաղվում, ինքը կարողացել է քաղաքակիրթ ձևով կենցաղավարություն անցկացնել: Հայկական հնագույն գյուղական կացարանները շատ քիչ փոփոխություն են կրել դարերի ընթացքում, բայց իրենց կառուցվածքով հիմք են ծառայել այսօրվա գյուղական տների համար: «Ազատ Ձայն» լրատվականը կներկայացնի հին հայկական հնագույն բնակարաննների կառուցվածքը ըստ հայ և օտարերկրացի ճանապարհորդների նկարագրությունների:

Հույն պատմագիր Քսենոֆոնն իր «Անաբասիս» աշխատության մեջ նկարագրում է հին հայկական բնակարանների կառուցվածքը և հայերի ապրուստն ու կացութաձևը մ.թ.ա. 5-րդ դարում: Քսենոփոնը գրում է. «Տներն այստեղ գետնափոր էին, մուտքը ինչպես ջրհորի բերան, իսկ ներքևի մասը՝ ընդարձակ: Մինչդեռ անասունների համար մուտքը փորված էր հողի մեջ, մարդիկ ցած էին իջնում աստիճաններով: Տներում կային այծեր, ոչխարներ, եզներ, հավեր և սրանց ձագերը: Բոլոր անասունները ներսում կերակրվում էին խոտով: Այնտեղ կար նաև ցորեն գարի, ընդեղեն և կրատերների մեջ գարուց պատրաստած գինի: Կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի: Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր: Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար ախորժելի ընպելիք էր: Գյուղում բոլորը կեր ու խումի մեջ էին և ոչ մի տեղ նրան բաց չթողեցին մինչև ճաշ չմատուցեցին: Չկար մի տեղ, որ սեղանին միաժամանակ չդնեին գառան, ուլի, խոզի, հորթի և հավի միս, մեծ քանակությամբ ցորենի և գարու հացահատիկի հետ»:

19-րդ եվրոպացի ճանապարհորդ Գերմանացի գեներալ Մոլտկեն էլ իր հերթին նկարագրում է այդ ժամանակվա հայ գեղջկական բնակարանները, որոնք պարզվում է շատ չնչին են տարբերվում Քսենոփոնի նկարագրած բնակարաններից: Եվ ահա նա գրում է. «Մինչև այսօր հայերն ապրում են այդպիսի ստորերկրյա բնակարններում, որոնք շատ անգամ այնքան խորն են, որ սրանց տանիքները գետնից հազիվ մի քիչ բարձր են»:

Մեկ այլ գերմանացի ճանապարհորդ Արևմտյան Հայաստանի գեղջկական բնակարանների մասին գրում է. «Բնակարանները խղճուկ սորեր են գետնի մեջ: Անասուններն ապրում են նույն տարածքում: Օտար հյուրերը սովորաբար ընդունվում են բնակարանի մի անջատ մասում, որ գորգով բաժանված է տան մնացյալ մասից: Կահկարասիք ասված բանը չկա, բացի ցածր  ու հարթ բազմոցից: Պատից կախված են ու շարված տնային զանազան անոթներ, համետներ և այլն»:

Ֆրանսիացի ճանապարհորդ Շոլեն էլ այսպես է նկարագրում Երզնկայի գավառի հայկական գյուղերը. «Շինված լինելով կավից իրար կցված քարերով՝ այդ տները սովորաբար գետնի կամ լեռնակողի մեջ փորված խոռոչներ են. Պատերի վրա ձգված կոպիտ տաշված գերանները, որոնց վրա հանգչում է հողից և ճյուղերից շաղախված տանիքը: Լայն թախտը տարածվում է խուղի չորս պատերի երկարությամբ և միակ կահկարասին է: Գոմը, որ կից է ընդհանուր բնակարանին, շատ անգամ բաժանված չէ նրանից որևէ միջնորմով. Ձին, կովը, եզը, ոչխարը, այծն ու հավերը մեծ ընտանեությամբ ապրում են այստեղ և իրենց տաքությամբ ձմեռը ջերմացնում են բնակարանի ներսը»:

Հայ ճանապարհորդները ևս նկարագրել են մեր գյուղացիների բնակարանները և նրանցից  Լևոն Սարգսյանը գրում է. «Մենք իջանք մի ունևոր գյուղացու տան առաջ: Այդ տունը քառակուսի ցածր շինություն էր, անտաշ քարերի և կավի մի կուտակում, լուսամուտներից բոլորովին զուրկ, հողածածկ կտուրով: Տանտերը ներս տարավ մի նեղ ու մութ շվաք, բաց արեց մի դուռ շվաքի մեջ, և մենք մտանք  մի խավար տեղ: Հոտը և անասունների ֆռնչոցը իմացրեց, որ գոմում եմ: Անկյունում աղոտ լուսավորված էր: Դիմեցինք այնտեղ, դա հյուրերի համար շինված բաժանմունքը՝ օդան էր: Այդ քառակուսի տարածությունը շրջապատող երկու պատերը՝ օդայի մուտքի  դեմուդեմինը և ձախ կողմինը՝ գոմի ընդհանուր պատերի շարունակությունն էին, բայց այդ մասում սրբատաշ քարերից շինված, իսկ մյուս երկու պատերը, որոնք բաժանում էին օդան գոմից, ցածր էին և գերաններից ու սյուներից շինած, դռան նման մի անցք տանում էր օդան: ..Առաստաղը գերաններից ու տախտակներից էր, մեջտեղում երեք փոքրիկ ծակեր կային, որտեղից լույս  ու թարմ օդ էր մտնում»:

Ինչպես տեսնում ենք, հայ գեղջուկը հնագույն ժամանակներից սկսած իր համար կացարաններ է պատրաստել, կենդանիներն ապրել են բնակարանին կից, հատկապես ձմռանը տարածքը ջերմացնելու համար: Իսկ ապրուստը եղել է ճոխ, գինին ու միսը սեղանից անպակաս են եղել:

Ճանապարհորդների գրությունները վերցրել ենք Խ. Սամուելյանի գրքից: