Հայ Դատի հանձնախումբը Քլինթոնին 10 հարց է ուղղել

11

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին 10 հարցերից բաղկացած նամակ է ուղարկել, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցով ԱՄՆ-ի քաղաքականությանը, գրում է Asbarez-ը: Նամակում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) նախագահը նաև հայ համայնքի հիասթափությունն է հայտնել՝ պետքարտուղարի վերջին հայտարարությունների վերաբերյալ։ «Այս հարցերի անկեղծ և բաց պատասխանները և ԱՄՆ-ի թափանցիկ քաղաքականությունը կարող են լավ հիմք ծառայել կառավարության և քաղաքացիական հասարակության միջև երկխոսության համար, որը վերջ կդնի Թուրքիայի մերժողական քաղաքականությանը։ Անկարան թուրք հասարակության մեջ ժխտողականություն է սերմանում, ինչը խոչընդոտում է աշխարհի կողմից այս ոճրագործության միջազգային ճանաչմանը և դանդաղեցնում է ցեղասպանությունների ճանաչման համաշխարհային գործընթացը», – նշել է Քեն Խաչիկյանը։ Մենք հիշեցնում ենք, որ Հիլարի Քլինթոնը հունվարի 26–ին Պետդեպարտամենտի պաշտոնյանների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել էր Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը և հայտարարել. «Ես միշտ դիտել եմ այս հարցը պատմական տեսանկյունից և կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե այդ հարցը քննարկեն պատմաբանները»: «Այս հայտարարությունը առաջացրել է ԱՄՆ-ի հայ համայնքի վրդովմունքը» – նշել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահը: Վերջում պարբերականը հիշեցնում է, որ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Ռոբերտ Դոլդը կոչ են արել կոնգրեսականներին միանալ նամակին, որում պահանջում են Քլինթոնին հրաժարվել իր վերջին հայտարարություններից։