Հայկական լեռնաշխարհը՝ մետաղների արտահանման կենտրոն. Որքա՞ն հարստություն կար Մուսասիրում…

17

«Ազատ Ձայնն» իր ընթերցողին է ներկայացնում Սուրեն Այվազյանի աշխատությունից մի հատված, որտեղ հեղինակը փաստում է, որ  Հայկական լեռնաշխարհում դեռևս հազարամյակներ առաջ եղել է զարգացած հանքարդյունաբերություն, այն համարվել է մետաղների արտահանման կենտրոն և հարևանների հետ ունեցել է զարգացած առևտրաշրջանառություն մետաղների առքուվաճառքի ոլորտում: Ներկայացվում է նաև, թե Սարգոն II-ը  Մուսասիրի պալատից և Հալդի աստծո տաճարից  որքան գանձեր է հափշտակել: Ստորև ներկայացնում ենք հատված.

«Հայկական լեռնաշխարհը հին աշխարհում աչքի է ընկել նաև մետաղների արտահանմամբ: Հնագույն քաղաքակրթությունների զարգացման անհրաժեշտ պայմանն էր երկիրն ապահովել անհրաժեշտ օգտակար հանածոներով կամ մետաղե իրերով: Հայաստանի բնական հարստություններն օժանդակում էին մերձավոր երկրների տնտեսության և ռազմական գործի զարգացմանը: Ուստի, Մերձավոր Արևելքի հնագույն պետությունները ձգտում էին իրենց ենթարկել Հայաստանը կամ նրա հետ մշտապես առևտրական կապեր հաստատել:

Հայկական մետաղի մասին ասուրաբաբելական հնագույն վկայությունները վերաբերում են մ.թ.ա. XIII դարին: Սալմանասար I-ի և Թուքուլթի-Նինուրթա I-ի արձանագրությունների մեջ կան վկայություններ «սարերի ծանրագույն հարկի», «սարերի հարստության» մասին, որոնք ամեն տարի Հայաստանից արտահանվում էին Ասորեստան:

Թիգլաթպալասար I-ի տարեգրությունները վկայում են, որ ասուրները Հայկական լեռնաշխարհի լավագույն հարստություններ են համարել պղինձը, բրոնզը, ոսկին, արծաթը, ինչպես նաև մագնեզիումի հանքանյութը (մագնեզիտ), որոնք արդյունահանում էին Մալաթիայի բնակիչները: Արդեն մ.թ.ա. IX դարի սկզբում (ըստ Թուքուլթի-Նինուրթա II-ի տարեգրության) մեծ ասպարեզ ունեին ոսկու, արծաթի, կապարի և երկաթի մշակումն ու արտահանումը: Դրանք Ասորեստան էին տարվում ձուլածոների կամ պատրաստված տարբեր իրերի՝ անոթների, քանդակների, արձանիկների ձևով:

Արշավանքներից մեկի ժամանակ Աշուրբանիպալ II թագավորը (մ.թ.ա. IXդ.) Տիգրանակերտի շրջանից հափշտակել է «2 տաղանդ արծաթ, 2 տաղանդ ոսկի, 100 տաղանդ կապար, 200 տաղանդ բրոնզ, 300 տաղանդ երկաթ, 1000 բրոնզե անոթ, 2000 բրոնզե գավաթ, բազկաթոռներ՝ պատրաստված փղոսկրից և ոսկուց»: Մետաղներով հարուստ Սասնա լեռներից նրան է հասցվել մեծ քանակությամբ արծաթ, ոսկի, կապար և երկաթ:

Շամշիադադ V-ը (մ.թ.ա. IX դար) վկայում է, որ Հայաստանից էին արտահանվում «անհամար քանակությամբ  արծաթ, կարմիր ոսկի և բրոնզե իրեր»:

Ասուրաբաբելական աղբյուրներում առանձնապես մատնանշված են Հայկական Տավրոսի, Վանա և Կապուտան (Ուրմիա) լճերի ավազանների շրջանում գտնվող «երկրների» մասին: Ասուրները հազվադեպ էին հասնում հեռու հյուսիս կամ արևմուտք: Սալմանասար III-ի (մ.թ.ա. IX դար) տեղեկությունների համաձայն՝ Կապուտան լճի ափի արևմտյան ափին գտնվող գավառներից արծաթ, ոսկի, կապար, բրոնզե անոթներ էին տանում Ասորեստան: Փոքր Հայք կատարած արշավանքի ժամանակ Թիգլաթպալասար III-ը (մ.թ.ա. VIII դար) կողոպտել և իր հետ տարել է 300 կգ ոսկի և 3 տոննա արծաթ: Նա ամեն տարի Հայկական լեռնաշխարհից ստանում էր ոսկի, արծաթ, անագ, երկաթ և մագնեզիումի հանքանյութ:

Մետաղների արտահանման մասին հետաքրքիր տվյալներ կան Սարգոն II-ի (մթ.ա. VIII դարի վերջ) տարեգրություններում և Աշուր աստծուն ուղղած ուղերձում: Սարգոն II-ը միայն Արդինի (Մուսասիր) քաղաքի թագավորական պալատից հափշտակել է ավելի քան մեկ տոննա ոսկի, մոտ հինգ տոննա արծաթ, «սպիտակ պղինձ» (արույր կամ բրոնզ), կապար, սարդիոն, տարբեր տեսակի թանկարժեք քարեր, «անհամար քանակությամբ» պղնձե և երկաթե իրեր, ոսկե սրեր, դաշույններ, ոսկով և թանկարժեք քարերով  դրվագված ալեբաստրե և արծաթե իրեր, արծաթե նիզակներ, գավաթներ, բուրվառներ, պղնձե կաթսաներ, կրակարաններ, շերեփներ, կանթեղներ, երկաթե հնոցներ և այլն:

Թերևս Ասորեստանի թագավորներից ոչ մեկն այսպիսի ճշգրտությամբ չի նկարագրում կողոպուտները, ինչպես Սարգոն II-ը: Սարգոնի կողոպուտների ցուցակները բոլորովին տարբերվում են մյուսներից: Ահա մի քանի տվյալներ այն գանձերի մասին, որոնք Ասորեստանի թագավորը հափշտակել է Հայկ (Հալդի) աստծո տաճարից: Մեծ քանակությամբ ոսկուց ու արծաթից բացի (ըստ երևույթին ոչ քիչ, քան թագավորական պալատում եղածը) Սարգոն II-ը այստեղ հայտնաբերել է ավելի քան 100 տոննա բրոնզե ձուլվածքներ («3600 տաղանդ»), 156 կգ ընդհանուր քաշով 6 ոսկե վահան, 60 կիլոգրամանոց դուռ՝ մաքուր ոսկով պատած, 66 կգ քաշով ոսկե փական (սողնակ, երկու բանալի, ցցիկ), 13 կիլոգրամանոց ոսկե սուր, 33 արծաթե մարտակառք, 12 արծաթե վահան, մոտ 400 արծաթե գավաթ, ոսկեպատ և արծաթապատ բազմաթիվ փղոսկրե իրեր, ավելի քան 25000 պղնձե վահան, 305000-ից ավելի պղնձե սրեր, նիզակներ, աղեղներ, սրբազան ցուլի, կովի և հորթի պղնձաձույլ արձաններ, չորս աստվածների պղնձե արձաններ (պատվանդանները բազկաթոռների հետ միասին՝ ձուլածո պղնձից), «ձուլածո պղնձից և բրոնզից» պատրաստված երեք թագավորների արձաններ՝ մեկը 1800 կգ կշռով, իսկ մյուսը՝ «ձուլածո պղնձե» մի ամբողջական կերտվածք՝ երկձիանի մարտակառք՝ վրան թագավորը կառավարի հետ միասին:

Այսպիսով՝ միայն թագավորական պալատից և Հայկ (Հալդի) աստծո տաճարից Սարգոն II-ը տարել է ավելի քան երկու տոննա ոսկի, տասը տոննա արծաթ, հարյուրավոր տոննաներ բրոնզ և այլ մետաղներ:

Հայկական լեռնաշխարհից մետաղների արտահանումը և նման քանակությամբ կողոպուտը վկայում է, որ մ.թ.ա. II հազարամյակի վերջից մինչև I հազարամյակի սկիզբն այստեղ մշակվում էին օգտակար հանածոներով հարուստ հանքավայրեր, իսկ մետաղաձուլումը լայն զարգացում էր ստացել:

Մ.թ.ա. II հազարամյակի առաջին կեսին Հայաստանից մշտապես մերձավոր երկրներ էին առաքվում ոսկե իրեր և ոսկու, արծաթի, պղնձի, բրոնզի ձուլածոներ, իսկ մ.թ.ա. XVII դարից հայկական երկաթը մեծ քանակությամբ արտահանվում էր Հեթիա (Խաթի), Եգիպտոս, Ասորեստան, Հյուսիսային Կովկաս, Հարավային և կենտրոնական Ռուսաստան՝ զենքերի, զարդարանքների և ամենօրյա գորածածության իրերի ձևով:

Այդ ժամանակից ի վեր՝ Հայաստանը գրեթե բոլոր մերձավոր երկրներին մատակարարում էր երկաթապատ մարտակառքեր և ձիեր: Ինչպես գիտենք, ըստ եգիպտական քուրմ Մանեթոնի՝ ձիերի ընտելացումն առաջին անգամ կատարվել է Հայաստանում:

Մ.թ.ա. VII դարում հույն հեղինակները, նշելով Հայասատանի երկաթի բարձր որակը, հատկապես ընդգծում էին նրա կոփման բարձր արվեստը և արտադրության հսկայական չափերը: Սկսած մ.թ.ա. II հազարամյակի կեսերից  ընդհուպ մինչև ուշ միջնադար այստեղից հայկական պողպատը հասցվում էր Արաբական թերակղզի, Պարսկաստան և Հնդկաստան»:

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով: