Հայկական դիվանագիտության չափանիշները

21

Հայաստանում, եթե նախարար ու վարչապետ չես կարողանում աշխատել, ապա դեսպանի գործը միանշանակ քեզ համար է: Մեր երկրում դիվանագիտական չափանիշները խիստ տարբերվում են համաշխարհային ստանդարտներից, ինչպես օրինակ տնտեսական չափանիշները: Եթե այլ երկրներում փորձում են դեսպան նշանակել մեկին, ով կարող է հարաբերությունները բարելավել երկրորդ երկրի հետ, ապա Հայաստանում հարաբերությունների հարց չկա, այստեղ զութ ճաշակի հարց է կամ նորաթուխ դիվանագետի մյուս աշխատանքի հետ կապված հանգամանք: Եվ երրորդը՝ նախագահ Սարգսյանի կապերն ավելի ընդարձակելու, բիզնես ծրագրերն իրագործելու  և մեջքը պնդացնելու գերազանց միջոց: Բացեմ փակագծերը:

Տիգրան Սարգսյանը 6 տարի ղեկավարելով ՀՀ կառավարությունը՝ կարողացավ ռեկորդային անկում ապահովել մեր երկրում: Սարգսյանի օրոք գազը թանկացավ, 300 մլն դոլարի պարտք կուտակվեց, բյուջեն կրկնակի պարտքի տակ ընկավ և այլն և այլն, էլ չասենք Սարգսյանի մյուս մեղքերը, բայց այդ բոլորը ներվեցին: Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով Տիգրան Սարգսյանին շնորհվեց դիվանագիտական աստիճան և վերջինս ուղևորվեց ԱՄՆ: Հիմա արդեն սպասում ենք նոր ամերիկյան սկանդալների, ինչի սիրահարն է մեր նորաթուխ դեսպանը: Մյուս կողմից էլ, մի՞գուցե Տիգրան Սարգսյանին ուղարկեցին ԱՄՆ վերջինիս  գլոբալիստական հայացքների համար: Գաղտնիք չէ, որ Հայաստանը որքան էլ, որ Պուտինյան Ռուսաստանի թևի տակ է, միևնույն է, չի կարող խույս տալ աշխարհում տեղի ունեցող համահարթման գործընթացներից և ԱՄՆ-ն այս գործընթացների կիզակետում է, այնպես, որ Տիգրան Սարգսյանը սպասված էր այդ երկրում: Չէ՞ որ Սարգսյանը մեծն գլոբալիստ է և իր վարչապետության ընթացքում ջանք ու եռանդ չխնայեց Հայաստանն այդ գործընթացների մեջ մխրճելու համար: Նշենք այդ ծրագրերից մեկը, որ առաջարկում էր մասնավոր ներդրողներին տալ այլընտրանքային մասնավոր միջնակարգ ուսումնական հաստատություններ ունենալու հնարավորություն, որը մեզ թույլ կտա ինտեգրվել փոքրացող աշխարհին: ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանն իր «Պետությունների վախճանը» հրապարակախոսական հոդվածում  նույնպես ակնարկում է ազգային պետությունների կորստի անհրաժեշտության (գրեթե անխուսափելիության) և  մեկ համաշխարհային պետության ստեղծման մասին: Մի՞գուցե Տիգրան Սարգսյանը կկարողանա համոզել ԱՄՆ կառավարությանը ավելի շատ ներդրումներ անել մեր երկրում, իհարկե, չարաբաստիկ գլոբալիզմի զարգացման համար: Եվ այս հարցում հնարավոր է Սերժ Սարգսյանն այլ ելք չուներ և Սարգսյանին հենց ԱՄՆ-ից կանչեցին իրենց գաղափարների իրագործումն ավելի հստակեցնելու համար: Չմոռանանք, որ հենց Տիգրան Սարգսյանը Հայաստանին դարձրեց  Համաշխարհային բանկի գերին: Սարգսյանը բազմիցս է նշել, որ փոքրացող աշխարհում հարկավոր է մրցունակ լինել, այսինքն հարմարվել գլոբալիզացիայի մտքին՝ ծառայելով այդ գաղափարախոսությանը:

Կրկին վերադառնանք հայկական դիվանագիտությանը՝ արձանագրելով, որ միևնույն է, Սերժ Սարգսյանը դեսպան նշանակելու հարցում մրցակիցներ չունի: Հաջորդ կադրը Յուրի Վարդանյանն է, ով նշանակվեց Վրաստանի դեսպան: Զավեշտ: Վարդանյանը նույնիսկ սեփական որդուն չի կարողանում ղեկավարել, ինչպես կարող է դիվանագիտական կորպուս ղեկավարել, այն էլ Վրաստանում, որն օր օրի հեռանում է Հայաստանից: Տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը Վարդանյանին միտումնավոր է դեսպան նշանակել, որ հայ-վրացական հարաբերություններն ամբողջությամբ զրոյացվեն:

Մյուս լուրը, որ շրջանառվում է Սամվել Ալեքսանյանին Իրաքի դեսպան նշանակելու հարցն է: Ինչպես տեսանք Մուրադ Մուրդյանին ազատեցին այդ պաշտոնից և Ալեքսանյանի տեղն արդեն ազատ է: Բայց պատկերացնելն անգամ հանցանք է, թե ինչպես է Ալեքսանյանը դեսպանի աշխատանք իրականացնելու: Մի՞թե նրա գիտելիքները բավարար են նման պատասխանատու գործն իր ուսերին կրելու համար, այն էլ Իրաքում, որը տարիներ շարունակ պատերազմական գոտի է և շատ նուրբ դիվանագիտություն և գիտելիքներ է պահանջում, այդ երկրում տվյալ գործով զբաղվելու հարցում: Չմոռանանք, որ Իրաքում կա հայկական համայնք, որն ամեն օր վտանգված է, մի՞թե Ալեքսանյանը կարող է լուծել այդպիսի խնդիրներ: Կասկածները չափազանց շատ են: Այստեղ հարց է առաջանում Սարգսյանը Ալեքսանյանին դեսպան է նշանակում նրան Հայաստանից հեռացնելո՞ւ, թե Իրաքում որոշակի ծրագրեր իրականացնելու համար:

Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ մեր երկրում դիվանագիտություն ասվածը գոյություն չունի և առավել ևս արտաքին քաղաքականություն՝ բացահայտ է: Էդվարդ Նալբանդյանը վառ օրինակ: Նրա թույլ դիվանագիտական գործունեության զոհը բազմիցս ենք դարձել: Հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրությունները,  ԵՄ-ի հետ երկար-բարակ ասոցացվելու  բանակցությունները, որոնց համար մեծ ռեսուրսներ ծախսվեցին և որն ավարտվեց Ռուսաստանի գրկում: Ահա և մեր դիվանագիտական կորպուսի իրական դեմքը:

Այսօր դիվանագետ դառնալու համար պետք չէ հատուկ կրթություն ստանալ, արտասահմանյան բուհերում հմտանալ, ամենևին, պետք  է ընդամենը Սերժ Սարգսյան անունով ծանոթ ունենալ, ով ձեզ կտեղավորի աշխատանքի, որ երկրում, որ կկամենաք: Շանսերն ավելի կմեծանան, եթե կարողանաք օգուտ բերել նախագահի բիզնես ծրագրերն իրագործելու հարցում:

Թվարկել պե՞տք է: Վատիկանում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյան՝ Սերժ Սարգսյանի փեսան, Չինաստանում, Համատեղության կարգով Սինգապուրի Հանրապետությունում և Մոնղոլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյան՝ Տիգրան Սարգսյանի եղբայրը, մնացյալ դեսպանները ևս Սերժ Սարգսյանի շրջապատից են:


var addthis_config = {“data_track_addressbar”: true};