Հայերի ցեղասպանության և տեղահանության երիտթուրքերի հրամանը՝ հրապարակված թուրքական մամուլում 1919-ին

15

Թուրքիայի Պետական խորհրդի անդամ, իրավաբան և «Անգլոֆիլ ընկերակցության» հիմնադիր Սաիթ Մոլլան 1918 թվականին սկսել էր հրատարակել «Թուրքական Ստամբուլ» օրաթերթը:

1919թ.-ի մարտի 25-ին թերթը հրապարակել է Միության և առաջադիմություն («Իթթիհաթ վե թերաքքի») կուսակցության կենտրոնական գրասենյակի՝ Հատուկ հանձնաժողովին («Թեշքիլաթ-ե մախսուսե») հղված հանձնարարական նամակը: Այն վերաբերում էր Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի տեղահանությանը: Թերթն այդ նամակը կոչել է «Ողբերգական և սարսափելի փաստաթուղթ» և նշել, որ այն վերահրատարակվել է առանց որևէ փոփոխության: Հանձնարարական նամակը բաղկացած էր 10 հոդվածներից, որոնք քայլ առ քայլ նկարագրում էին բոլոր այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեին հայերի տեղահանման ընթացքում: Սրանք բոլոր այն գործողություններն են, որոնք նկարագրել էին գիտնականներ Թաներ Աքչամը, Դոնալդ Բլոքսհամը և Ուքուր Ումիթ ՈՒնգյորը որպես տեղահանության մի մաս, – գրում է The Armenian Weekly պարբերականը:

«Թուրքական Ստամբուլը» չի նշել նամակի աղբյուրը, ավելին՝ «Միության և առաջադիմության» պահոցներն անհետացել էին Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո: Սակայն, անկախ այս ամենից, ուշագրավ է, որ գոյություն ունեին օսմանյան թուրքական պարբերականներ, ինչպիսիք էին «Թուրքական Ստամբուլը», «Ալեմդարը», «Փեյեմը», որոնք քննարկում և քննադատում էին Միություն և առաջադիմություն կուսակցությանը Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Փաստաթղթի դրույթները՝ ստորև.

1. Կիրառելով «Ընկերությունների մասին օրենքի» 3-րդ և 4-րդ հոդվածները՝ փակել բոլոր հայկական ընկերությունները, ձերբակալել դրանց գործադիր անդամներին, որոնք ընդդիմանում էին «Միության և առաջադիմության հանձնաժողովի» կառավարությանը, արտաքսել նրանց այնպիսի ծայրամասեր, ինչպիսիք են Մոսուլն ու Բաղդադը, իսկ ճանապարհին կամ տեղ հասնելիս՝ սպանել:

2. Հավաքել հայերի ամբողջ զենքը:

3. Ազդել մահմեդական հասարակության կարծիքի վրա համապատասխան միջոցներով, կազմակերպել մի շարք միջադեպեր (այնպես, ինչպես Ռուսաստանն էր արել Բաքվում) Վանում, Էրզրումում, Ադանայում, որտեղ հայերն իրենց գործողություններով են վաստակել մահմեդականների ատելությունը:

4. Էրզրում, Վան, Մամուրեթ-ուլ-Ազիզ և Բիթլիս քաղաքներում գործողությունների իրականացումը թողնել բնակչության վրա: Զորքերը կիրառել և ռազմական ուժերի գործողությունները ներկայացնել այնպես, կարծես նրանք կանխում են ջարդերը, իսկ ռազմական վայրերում, ինչպիսիք են Ադանան, Սեբաստիան, Բուրսան, Իսմիթ և Իսմիր քաղաքները, հակառակը, աջակցել մահմադեկաններին:

5. Դպրոցի ուսուցիչների, հատկապես 50-ից ցածր տղամարդկանց ոչնչացնելու միջոցներ ձեռնարկել: Թողնել կանանց և երեխաներին հետագայում մահմեդականացվելու:

6. Ոչնչացնել բոլոր այն փախչել հաջողացրած մարդկանց ընտանիքները և քայլեր ձեռնարկել, որպեսզի նրանք ամբողջովին կորցնեն կապն իրենց հայրենի քաղաքների հետ:

7. Լրտեսության մեջ մեղադրելով՝ պաշտոնանկ անել բոլոր հայ պաշտոնյաներին իրենց կառավարական հիմնարկներից և մասնաճյուղերից:

8. Համապատասխան կերպով ոչնչացնել բանակում ծառայող տղամարդկանց:

9. Անմիջապես սկսել բոլոր այն գործողությունները, որոնք ժամանակ չեն թողնի պաշտպանական միջոցներ ձեռնարկելու համար:

10. Գաղտնի պահել այս հանձնարարական նամակը և առավելագույն խնամքով պահել մեկ կամ երկու անձանց մոտ:

Նամակում նկարագրված հանձնարարականների համաձայն արտաքսված հայերը հետագայում սպանվել և ոչնչացվել են: