Հայերի ոսկորները եվրոպացի արտադրողի համար էժան գնով հումք է եղել. Բասքըն Օրան

64

Թուրք հրապարակախոս, պրոֆեսոր Բասքըն Օրանը T24 լրատվականի իր սյունակում անդրադարձել է հայոց ցեղասպանությանը հաջորդած հայերի ոսկորների վաճառքին: Թուրք պրոֆեսորը նախ գրում է մի հայի մասին, ով անձամբ ականատես է եղել դեպքերին: 

Մանուել Քըրքյաշարյանը 1997թվականին Սիդնեյում մահից առաջ  մի ձայնագրություն է թողել, որում պատմում է 1924-1925 թթ. տեղի ունեցած մի դեպքի մասին:

Քըրքյաշարյանը նշում է, որ 1925-ին Հալեպում արհեստագործական ավտոտնակներից մեկում սովորելիս մի անգամ մի բեռնատար է եկել, որի ծածկոցից երևացել է, որ որ մեքենան շատ է բեռնված: Քըրքյաշարյանի այն հարցին, թե արդյոք շատ չեն բեռնել մեքենան, պատասխանում են, որ շատ է թվում, բայց իրականում բեռը թեթև է: Իսկ երբ Քըրքյաշարյանը հետաքրքրվել է, թե այդ ինչ բեռ է, նրան տեղեկացրել են, որ դրանք Դեյր Զորի անապատներ քշված ու սպանված հայ գաղթականների ոսկորներն են: Իսկ այժմ Եվրոպայից ինչ-որ ընկերություն գնել է այդ ոսկորները, կազմակերպվում է դրանց տեղափոխումն Իսքենդերունի նավահանգիստ, այնտեղից էլ` շոգենավով դեպի Եվրոպա: Քըրքյաշարյանը երկու անգամ ականատես է եղել նման դեպքի: 

Թուրք հրապարակախոս, պրոֆեսոր Բասքըն Օրանը ընդգծում է, որ սկզբում չի հասկացել այդ պատմությունը և արժանացրել: 

Սակայն Քըրքյաշարյանի պատմության մեջ երկու հանգամանք Օրանին ստիպել է ետ վերադառնալ այդ դաժան պատմությանը. այն, որ 2 անգամ է այդպիսի բան տեսել  նույն մարդը և այն, որ իսկապես չորացած կմախքը ծավալով մեծ է լինում, իսկ քաշով՝ թեթև:

Բասքըն Օրանը մեկ ամիս առաջ Devrimcikaradeniz.com կայքում նմանատիպ մի տեղեկության է հանդիպում: Մասնավորապես այն, որ 1924 թվականի դեկտեմբերի 13-ին Մուդանիայից Մարսել շարժվող նավը մտնում է Սալոնիկ: Նավի բեռը համապատասխան փաստաթղթեր չի ունենում, իսկ բեռնակիրները նկատում են, որ խորհրդավոր բեռն իրենից մարդու կմախքոսկրների զանգված է ներկայացնում: Համապատասխան ծառայությունները միջամտում են, սակայն վերնախավից եկած հրամանից հետո նավը բաց են թողնում:

Հետո «Նյու Յորք թայմս» թերթի 23.12.1914 թվականի համարում տեղեկություն կա այն մասին, որ Մարսելի նավահագիստ է մտել «Զան» անգլիական նավը, որը 400 տոննա մարդկային ոսկորներ է տեղափոխում: Ըստ տեղեկությունների՝ բեռը բեռնվել էր Մարմարա ծովի Մուդանիա նավահանգստից և Փոքր Ասիայի կոտորածների զոհերի ոսկորներն են: 

Նմանատիպ մի տեղեկություն էլ Մարսելում լույս տեսնող Միդի թերթի 24.12.1924 թվականի համարում է հայտնվել, որտեղ նշված է, որ այդ բեռը Թուրքիայում և Փոքր Ասիայում իրականացված հայերի կոտորածների վայրերից են հավաքել:

Օրանը, վստահաբար, եզրակացնում է, որ Մարմարայից հույների, իսկ Սիրիայից հայերի ոսկորներ են տարել, քանի որ երկու տեղում էլ մուսուլմաններին պատկանող «եղբայրական գերեզմաններ» չկան: 

Օրանը դիմում է նաև բժշկի՝ ճշգրտելու, թե արդյունաբերության մեջ մարդու ոսկորներից ինչ կարելի է ստանալ և բացահայտում է, որ այդ ժամանակաշրջանում սոսինձ, ժելատին, ակնոցի շրջանակ, ինչպես նաև անասնակեր էին պատրաստում հենց մարդու ոսկորներից: Այս ոսկորները եվրոպացի արտադրողի համար էժան գնով հումք է եղել:

Հոդվածագիրը մեկ բան հաստատապես ընդգծում է, որ այդ «ոսկորների արտադրողները» երիտթուրքեր էին, իսկ գնորդերը` եվրոպացիները` մեջբերելով Քըրքյաշարյանի խոսքերը. «Ահա, եվրոպացիները հայերին որպես գործիք օգտագործեցին, նրանց կյանքը և ոսկորները անգամ գնեցին և իրենց շահերի համար օգտագործեցին»: