ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեկավ, բայց Սերժ Սարգսյանը գնում է: Այլընտրանք չունի: Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վերջերս խիստ լրջացել են, պատճառը, իհարկե, Սերժ Սարգսյանի ընտրության հարցն է ԵՄ, թե՞ ՌԴ: Ընդամենը նոյեմբերին սպասվում է ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, որը Հայաստանում մեծ փոփոխությունների կուրս է նախատեսում: Ռուսաստանը բնավ դեմ է, որ Հայաստանն այդ քայլին գնա, քանի որ այստեղ էլ Եվրասիական Մաքսային միությանը միանալու հարց կա, մյուս կողմից էլ՝ տարածաշրջանում ԵՄ ներկայության մեծացումը Ռուսաստանին զրկում է իշխողի և թելադրողի կարգավիճակից: Այսօր Սարգսյանը պետք է բարդ ընտրություն կատարի՝ որ կողմը գնալ: Իրականում ընտրությունը խիստ բարդ է և երկու տարբերակում էլ մեր երկիրը ոչ մի շահ չունի:
Պուտինի հետ հանդիպմանը Սարգսյանը միանշանակ այս թեմաներն է քննարկելու, և ՌԴ նախագահն անկասկած հարցադրում է անելու մեր նախագահին, թե ինչպես է կարողանում Հայաստանին պատկերացնել ԵՄ կողքին, առանց Ռուսաստանի, երբ Հայաստանում գրեթե բոլոր կարևոր տնտեսական, քաղաքական լծակները նույն այդ Ռուսաստանի ձեռքում են, ինչպես է ուզում ԵՄ-ին մտցնել տարածաշրջան, երբ ԼՂ հարցում Ռուսաստանի դիրքորոշումը խիստ կարևոր է մեզ համար: Սրանք նորություններ չեն, բնավ, Սարգսյանի համար, ակնհայտ հարցադրումներ են: Բայց Սարգսյանին ԵՄ-ից էլ են ստիպում, բայց ինչո՞ւ: Հայաստանը հարմար որս է ԵՄ համար տարածաշրջանում արմատանալու և իր նպատակների համար մեր երկիրը օգտագործելու համար:Միանշանակ կան որոշակի խմորումներ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան և այս պետությունների ներսում մի շարք փոքր պետությունների շուրջ, որոշակի վերադասավորումներ եննախատեսվում ԵՄ գերտերությունների կողմից, ինչը միգուցե ձեռնտու չէ Ռուսաստանին կամ էլ սա պարզապես խաղ է: Եվ հավանաբար դա է պատճառը, որ ԵՄ-ն խոստումներէ տալիս Հայաստանին, որ կզարգանա, առևտրաշրջանառության ծավալները կաճեն, ԵՄ-ի հետ սահմանային հարցերը կդյուրացվեն, առաջին հայացքից շատ հրապուրիչ է, բայց արդյո՞ք մեզ պետք է Ղարաբաղյան հարցով մտնել գերտերությունների խաղի մեջ, որի վերջում միանշանակ պարտված ենք դուրս գալու: Ոչ Պուտինը, ոչ ԵՄ-ն հայանպաստ ոչ մի քայլ չեն արել ու չեն անելու: Մյուս կողմից էլ, դարեր շարունակ Ռուսաստանի ծանր լծից, ի վերջո, ազատվել է պետք, բայց մի՞թե Եվրամիության գնով, կարծում եմ՝ ոչ, Հայաստանը պետք է բոլոր այս ուժերին փորձի աստիճանաբար Հայաստանում երկրորդ պլան մղել, առաջին պլան մղելով ազգայինը՝ ինչը 1000 տարի է չի հաջողվում:
Մնում է սպասել Սարգսյանի ընտրությանը, բայց միանշանակ է, որ Մոսկվայից վերադառնալուց հետո մի քանի ամիս կամ գուցե մինչև կառավարման ժամկետի ավարտը, Սարգսյանի տրամադրությունը հաստատ լավ չի լինելու:













