ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2 հուլիսի, 2014թ. – Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 50 միլիոն ԱՄՆ դոլար փոխառության տրամադրումը Հայաստանին՝ Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի ներքո: Այս ծրագրի նպատակն է ամրապնդել կառավարության կարողությունները արտահանման խթանման, տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման և բիզնեսի ընդլայնման համար որակի ծառայությունների բարելավման հարցերում:
Հայաստանն ունի համեմատաբար փոքր արտահանման բազա, որի կազմում գերիշխում են սակավաթիվ ոչ մեծարժեք ապրանքներ, իսկ արտահանման ոլորտները չեն վերաճում առաջատար ոլորտների: Երկիրը նաև մասնավոր ներդրումներին, մասնավորապես՝ ուղղակի օտարերկրյա ներդրումներին զարկ տալու խնդիր ունի: Անփոփոխ մնալու պարագայում երկրի արտահանման ներկայիս զամբյուղը որևէ կերպ չի նպաստի գլոբալ մրցակցության պայմաններում երկրի խոցելիությունների մեղմմանը և կհանգեցնի աճի հետագծի իջեցմանը: Բացի այդ, որակի ազգային ենթակառուցվածքը Հայաստանում թույլ կողմեր շատ ունի, որոնք խոչընդոտում են տեխնոլոգիական վերազինման հարցում և բացասաբար են անդրադառնում երկրի արտահանումների մրցունակության վրա:













