Համակարգի գայլերը միմյանց հոշոտում են…

13

Սյունիքի մարզպետի տան դիմաց տեղի ունեցած միջադեպը, սպանվածն ու երկու վիրավորները….այս բոլորն ասես սարսափ ֆիլմի դաժան տեսարաններ լինեն, որոնք պարբերաբար կրկնվում են, պարզապես դերակատարներն են փոխվում: Գյումրու նախկին քաղաքապետի ազգականների շուրջ ընդամենը երկու ամիս առաջ նույն պատմությունն էր, կրկին զոհ կար և ձերբակալվածներ: Մեր իրականության մեջ սա արդեն սովորական երևույթ է, ցավոք: Այն, որ Սուրիկ Խաչատրյանը, մեղմ ասած, իր բարի համբավով չէր առանձնանանում հասարակությունից, փաստ է, բայց որ այսքան հեռու կգնային ինքն ու իր որդին, նոսենս է: Այս ամենը, իհարկե, ամենաթողության մթնոլորտի արդյունք է: Սակայն այնպես չէ, որ այդ ամենաթողությունը հասարակ քաղաքացու վրա է, ամենևին, շարքային քաղաքացին ունի բազմաթիվ պարտականություններ, որոնք չկատարելու դեպքում միանշանակ պատժվում է, բայց ահա այս մարդիկ՝ լիսկաները, վարդանիկները, նեմեցներն ու լֆիկները, էլ չասենք մնացածին ու իրենց վերադասերին, այս մարդիկ են Հայաստանին հասցրել նման իրավիճակի: Ոչ մի պատասխանատվություն իրենց վրա չկա, իրականում ոչ թե չկա, այլ չեն վերցնում: Իսկ այս ամենի ամենամեծ մեղավորը բնականաբար նախագահ Սերժ Սարգսյանն է, ով հովանավորում է այս մարդկանց կամ էլ ինքն է հովանավորվում նրանցով: Սարգսյանի թույլ կողմերն այս անգամ կարծես ավելի ակնհայտ են դառնում ոչ միայն արտաքին քաղաքականության դաշտում, այլև երկրի ներսում: Իր ենթակաները արդեն որերորդ անգամ շեֆի գլխից թռչում են ու ահա այսպիսի պատմությունների հերոս դառնում: Պրն Սարգսյան, եթե չեք կարողանում իրավիճակը վերահսկել, միգուցե ձեր կամոք ազատե՞ք դաշտը: 
Մականունավորներն ու նրանց շուրջ հյուսված պատմությունները, իհարկե, նորություն չեն, մինչև Սարգսյանի նախագահ դառնալն էլ նրանք կային, բայց ժամանակն է զարկ տալու բռնություններին ու սպանություններին: Հայ մարդու ինչի՞ն է պետք նման մարզպետ, քաղաքապետ, պատգամավոր, վարչապետ ու նախագահ ունենալը: Բնավ պետք չէ: Ժամանակն է այս մարդկային խմբին տեղափոխել ճաղերի ետև և թույլ չտալ մեր երկրում մատ անգամ շարժել: Բայց մի բայց կա: Այս բոլոր մարդիկ հասցրել են ամբողջ Հայաստանի անշարժ ու շարժական գույքը, հարստությունը, հողերը բոլորը կամ սեփականաշնորհել ու բաժան-բաժան անելով մսխել, կամ էլ օտարներին են տվել, առանց ետ վերադարձի հույսի: Իրականում ճաղերի ետև գցելը շատ քիչ է, ավելի ծանր պատիժներ են հարկավոր, բայց նույնիսկ դատավորներ չունենք, որ կարողանան պատժել, նրանք էլ են վաճառքի <<զոհ>> դարձել: Համակարգային ծախվածության ժամանակներում ենք ապրում, որտեղ շարքային հայը միայն հեռվից դիտում է, թե համակարգի գայլերն ինչպես են միմյանց հոշոտում ու միմյանց վրա գործ սարքում: Անհապաղ ազատվել է պետք: 

Հ.Գ. Սուրիկ Խաչատրյանի շուրջ հյուսված պատմության մեջ միայն ոստիկանապետ Վովա Գասպարյանը սուտ դուրս եկավ: Նա խոստացավ բոլոր մարզերում առկա գաղջ մթնոլորտը լուսավորել, բայց չհասցրեց գնալ Սյունիք: Գյումրի գնաց բոլորի հարցերը <<լուծեց>>, իսկ Սյունիքի վրա մեծ հույսեր էր կապում, բայց Խաչատրյանը չարդարացրեց: Պրն Գասպարյան ձեր ծանր խոսքի կարոտն ենք մնացել: Ի՞նչ է լինելու Լիսկայի ու նրա նմանների վերջը: Չէ՞ որ <<խոստացել էիք>>…

var addthis_config = {“data_track_addressbar”: true};