Կծու տաքդեղի էֆեկտը. ի՞նչ կլինեն հայ-ուկրաինական հարաբերությունները

78

Մինչ Ուկրաինան բողոքի նոտա էր հղում Հայաստանին, Սերժ Սարգսյանը ԱԳՆ-ում խորհրդակցություն էր անցկացնում, շնորհակալագրեր հանձնում և խոսում, որ ինքը պարտականություն ունի մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելու և դրա համար է պատասխանատու: «Համարում եմ, որ այսօր մեր ունեցած միջազգային հարաբերություններով, մեր ներգրավվածությամբ, դաշնակիցների տեսակով և որակով, շատ ավելի անվտանգ ենք, քան էինք հինգ տարի առաջ: Երբեք մեր բանակն այսքան սպառազինված ու մարտունակ չի եղել: Երբեք, համենայնդեպս, ես չեմ հիշում, որ Ղարաբաղի հարցով այսպիսի միանշանակություն լինի: Մենք ունենք մի որակ, մի հատկանիշ՝ մենք չենք փորձում որևէ մեկին խաբել կամ մոլորեցնել, մենք ասում ենք՝ սա՛ է մեր շահը, մենք սրա համար պատրաստ ենք սա անել, այստեղ պատրաստ չենք սա անել»:

Սարգսյանը Ուկաինական իրադարձությունների և իր դիրքորոշման վերաբերյալ միայն ասել է, որ ժամանակի և իրադարձությունների թոհուբոհի մեջ տարբեր երևույթներ ունենում են տարընկալումներ, բայց ժամանակի մեծությունը կայանում է նաև նրանում, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ հստականում է, տարընկալումները վերանում են և ամեն ինչ ընկնում է իր տեղը՝ շեշտելով, որ ուկրաինացիները մեր եղբայրներն են: Սակայն վերոնշյալ խոսքերը,  «մենք ասում ենք՝ սա՛ է մեր շահը, մենք սրա համար պատրաստ ենք սա անել», Սարգսյանի  պատասխանն է  Ուկրաինային, որ իր շահը Պուտինի հրամանները կատարելն է, և ինքը պատրաստ չէ դրանից բացի այլ բան անելու: Եվ նույնիսկ եղբայրությունը չի կարող օգնել այս հարցում:

Սարգսյանն ամեն անգամ հայությանը զարմացնում է իր գլխիկորությամբ: Ղրիմի հարցով ևս չզարմացրեց: Ասենք կզարմանայինք այն պարագայում, երբ Սարգսյանից լսեինք հակառակը, կամ ընդհանրապես շարունակեր լուռ մնալ, ինչպես նախորդ ամիսների ընթացքում: Նորություն չէ, որ Սարգսյանն այլընտրանք չուներ, որ Պուտինը հերթական անգամ Սարգսյանին կծու տաքդեղի վրա է նստեցրել, և խեղճ Սարգսյանը առանց այլընտրանքի, կրկին անգամ առանց որևէ քննարկումների որոշեց, որ Ռուսաստանն ամեն ինչ ճիշտ է անում: Այո՛, Ղրիմը պատմականորեն ավելի շատ Ռուսաստանինն է, քան Ուկրաինայինը, բայց այս քայլով Ռուսաստանը չէր փորձում պատմական անարդարությունը կամ խրյուշչովյան սխալը շտկել: Ամենևին, Պուտինը փորձում էր սրանով աշխարհում իր երկաթյա տեղը պնդացնել՝ ԵՄ-ին ու ԱՄՆ-ին ցույց տալով, որ նրանք այլևս միայնակ չեն կարող որոշումներ կայացնել՝ հատկապես ԱՊՀ տարածքում: Հասկանալի է, որ Պուտինը չէր կարող ձեռքերը ծալել ու սպասել, թե ինչպես է Ուկրաինան մտնում Եվրամիության գիրկը, ինչպես է ՆԱՏՕ-ն արմատանում տարածաշրջանում, և ինչպես է ռուսական տրանզիտային երկիրը վերածվում եվրոպական տրանզիտի: Ցանկացած հասկացող մարդ չի կարող հերքել, որ այդպես է:

Իսկ ի՞նչ էր ուզում աշխարհին հասկացնել Սարգսյանն, այս պարագայում: Կարծում եմ աշխարհը գիտի, որ Հայաստանը Ռուսաստանի խոնարհ ծառան է, և այդ երկիրը մեզ իր թելերով շարժում է այնպես, ինչպես ուզում է:

Ահա այսօր Ուկրաինան բողոքի նոտա է հղել՝ շեշտելով, որ եթե Սարգսյանը չփոխի իր դիրքորոշումը Ղրիմի ժողովրդի ինքնորոշման ազատ կամարտահայտության վերաբերյալ, ապա հայ-ուկրաինական հարաբերությունները կվատթարանան: Մի՞թե Սարգսյանը չգիտեր այդ մասին, կամ գոնե որպես բազմամյա քաղաքական գործիչ պետք է, որ մտքի ծայրով անցած լիներ, որ եթե աշխարհը դեմ է այս երևույթին, իսկ ինքը կողմ է, ուրեմն ոչ թե աշխարհի գործերն են վատթարանալու, այլ հենց իրենը: Վստահաբար Սարգսյանը հարցրել է Պուտինին, թե ինչ է լինելու, երբ Ղրիմի հանրաքվեի ճանաչմամբ  ողջ աշխարհը գլուխ թեքի իրենից: Պուտինը երևի երաշխիքներ է տվել՝ վստահեցնելով, որ Եվրոպական ու Ամերիկյան պատժամիջոցներն այդ փոքր Հայաստանի վրա այդքան էլ մեծ ազդեցություն չեն ունենա, չէ որ այս երկրում ամեն ինչ Պուտինի ձեռքում է՝ գազ, լույս, հեռահաղորդակցություն, երկաթուղի, բանկեր և այլն և այլն: Չնայած եթե չլինեին էլ այդ երաշխիքները, միևնույն է, Սարգսյանը պետք է ընդուներ: Պուտինը Սարգսյանին հասցնելով այս քայլին՝ Եվրոպային ցույց տվեց, որ ձեռքը վերջնականապես քաշի Հայաստանի վրայից, քանզի այն ամբողջությամբ իր ենթակայության տակ է և այս տարածաշրջան Հայաստանի միջոցով չի կարող մուտք գործել:

Մյուս կողմից խոսվում է, որ այս քայլով Սարգսյանը վնասում է Արցախյան խնդրի կարգավորմանը: Իսկ հարց է ծագում, արդյո՞ք Արցախյան հիմնահարցը կարգավորվում է, որ Սարգսյանն էլ խանգարեց: Եթե մտածում ենք, որ ամերիկացի ու եվրոպացի համանախագահները Սարգսյանի այս ժեստով կտրամադրվեն Հայաստանի դեմ, և հայացքները կուղղեն դեպի Ադրբեջան, ապա այսօր էլ դա այդպես է: Չմոռանանաք Մադրիդյան սկզբունքները, որոնք ամբողջությամբ դեմ են մեր շահերին: Եվ բացի այդ էլ, ակնհայտ է, որ Ղարաբաղյան հարցում Ռուսաստանի դերակատարությունն ավելի մեծ է, քան մյուսներինը: Սակայն ամենազավեշտալին այն է, որ երբ անցյալ տարի Սարգսյանին հարց ուղղվեց, թե ինչու չի Հայաստանը ճանաչում Արցախի անկախությունը, ապա նա պատասխանեց, որ աշխարհը մեր դեմ դուրս կգա: Հապա այսօր նա ճանաչում է Ղրիմի հանրաքվեն՝ ողջ աշխարհին իր դեմ հանելով, մի՞թե այս հարցում Սարգսյանը վախեր չունի: Այսինքն՝ Սարգսյանն աշխարհ ասելով՝ Ռուսաստանին ի նկատի ուներ, քանզի երբ Ռուսաստանը նրա թիկունքին է կանգնած, շատ հստակ է և չի վախենում աշխարհի պատժամիջոցներից, առանց Ռուսաստան ցանկացած որոշում սարսափելի է Սարգսյանի համար: Սույնով Պուտինը բոլորիս հասկացրեց, որ Արցախի հարցն էլ կարող է լուծել նույնպիսի արագությամբ, որքան որ Ղրիմինը: Բայց արդյոք Պուտինն ուզում է հարցը լուծել և ինչպես: Սարգսյանը պարզապես չի կարողանում ընկալել, որ ունենալով Արցախի հարց՝ մտնում է մի դաշտ, որտեղ ընդհանրապես անելիք չունի՝ մոռանալով, որ Հայաստանի ներսում այնքան շատ են խնդիրները, որ դրսի ճնշումները խիստ ցավոտ կարող են լինել:

Այնուամենայնիվ, Սարգսյանն արդեն իր քայլն արել է, ստացել է հակառակ կողմի նոտան, ի՞նչ պատասխան է նա տալու այս նոտային, թե՞ թողնելու է վերջնականապես հայ-ուկրաինական հարաբերությունները տապալվեն: Իսկ Ուկրաինան խիստ տրամադրված է և հակահայ քարոզչություն է իրականացնում՝ ի դեպ, մինչև Սարգսյանի՝ Ղրիմի վերաբերյալ արած հայտարարությունը:

Այս կոնտեքստում, սակայն, ամենավտանգվածը մեր տնտեսությունն է: Չմոռանանք, որ Հայաստան-Ուկրաինա առևտրաշրջանառությունը մեծ ծավալների է հասնում: Նշենք միայն, որ ՀՀ-ի և Ուկրաինայի միջև 2013թ-ի դրությամբ առևտրաշրջանառության ծավալը կազմել է շուրջ  200 մլն դոլար: Մյուս կողմից Ուկրաինայում ապրում է շուրջ 300 հազար հայ: Մի՞թե արժեր նման մեծ ծավալի վնասներ կրել հանուն պուտինյան ամբիցիաների, գոնե մեկ անգամ արժեր լինել ինքնուրույն, որ մենք էլ զգայինք՝  մեզ ղեկավարում է նախագահ և ոչ թե՝ կամակատար:

 

var addthis_config = {“data_track_addressbar”: true};