Ծովինարը շումերական և հուրիական առասպելներում

146

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում հնագույն աշխարհաստեղծման առասպելները, որտեղ պատկերվում է նախամայրը կամ Աստվածամայրը:  Հին շումերներական և հուրիական առասպելներում հանդիպում ենք Ծովինարի կերպարին, ով ունի նույն հատկանիշները, ինչ Սասնա ծռերում: Այս առասպելները մեզ ևս մեկ անգամ են ապացուցում հայ-շումերական կապի մասին, ինչպես նաև ցույց  են տալիս, որ հուրիները հայկական ցեղային միավորում էին և Վանի թագավորությունը Միտանիի անմիջական ժառանգն էր, իսկ Սասնա ծռերի ակունքները գալիս են անհիշելի ժամանակներից:

Արարչության շումերական առասպելի համաձայն, անհիշելի ժամանակներից տիեզերքը լցված էր վիթխարի օվկիանոսի ջրով, որը սկիզբ ու վերջ չուներ: Մեծ օվկիանոսի մեջ ապրում էր նախամայր Նամմուն: Նամմուն կույս էր, սակայն ժամանակի ընթացքում ծնեց երկվորյակ աստվածներ Անին (երկինք) և Կիին (երկիր)` եղբորն ու քրոջը, որոնք սկզբնապես անքակտելիորեն կպած են իրար, այնուհետև բաժանվելով դարձան ամուսիններ և ծնեցին Էնլիլ և Էնկի եղբայրներին, որոնցից երկրորդը իմաստության, գետերի աստվածն է և ստեղծում է բույսն ու բուսականությունը, մարդկանց ու կենդանիներին, ստեղծում է երկրագործության ու անասնապահության աստվածներին, շենացնում աշխարհը ամեն տեսակ բարիքներով:

Արարչության առասպելի բաբելական տարբերակը զգալի շեղումներ ունի, սակայն այստեղ էլ հիմնական ատաղձը պահպանված է: Այստեղ նախամայր աստվածուհին կոչվում է Թիամաթ (բառացիորեն` ծով), որից առաջ տիեզերքում ոչինչ գոյություն չուներ: Սա ծնեց ավագ աստվածների յոթնյակը, սրա երկփեղկումով ստեղծվեցին երկինքն ու գետինը (երկիրը), այնուհետև առաջ եկան արևը, լուսինը, աստղերն ու համաստեղությունները, երկիրը լցվեց մարդկանցով, կենդանիներով, բուսականությամբ: Այս ամենը կատարեց Թիամաթ-ծովի շառավիղներից մեկը՝ երիտասարդ Մարդուկ աստվածը:

Մեզ ավելի նախնական ու անմիջական է թվում արարչության հուրիական առասպելը, որն առաջ է եկել և գոյատևել հյուսիս-միջագետքյան և հայկական միջավայրում մեր թվականությունից հազարամյակներ առաջ ու հետքեր թողել Վանի հայկական թագավորության պանթեոնում և նույնիսկ հայ հեթանոսական մտածողության մեջ: Այս առասպելում ամենահին, ամենաիմաստուն նախամայր աստվածությունը կոչվում է Ծով, Մեծ Ծով: Նա կույս է, չունի արական զուգակից, սակայն ծնում է Անու, Կումարբի և Էա աստվածներին, որոնց շառավիղներն են Թեշուբն ու Իշտարը՝ պտղաբերության հզոր աստվածները: Առաջնության համար հուրիական հին ու նոր աստվածների միջև կռիվ է ծագում: Հիմնական պայքարը տեղի է ունենում Ծովի արական շառավիղ, աստվածների թագավոր Կումարբիի և նրա որդու` Թեշուբի միջև, որն իբրև Շանթ- որոտի աստված ծնվել էր եղբայրների հետ Կումարբիի բերանից, ինչպես հայ էպոսի Շանթ-որոտի աստվածներ Սանասարն ու Բաղդասարը` Ծովինարի բերանից: Թեշուբը աճում է ոչ թե օրերով, այլ ժամերով, դառնում է հզոր և հանդուգն, ինչպես Սասնա բոլոր դյուցազունները: Սրա ձայնը որոտի պես պայթում է երկնքում (ինչպես Սանասարի, Դավթի, Ձենով Օհանի, Վահագնի ձայնը), սրա աչքերը փայլում են կայծակների պես (ինչպես Նորածին Վահագնինը): Սա ահ ու սարսափ է տածում Կումարբիի վրա: Երբ կատաղի կռվում Թեշուբը պարտվում էր հորից (Կումարբիից) և նրա գործակալ հրեշ Լամուից, հեռանում, առանձնանում էր աստվածներից ու մարդկանցից` վրա էր հասնում երաշտը, դադարում էին հեղեղները, չորանում` գետերի հուները, մարդիկ զրկվում էին գինուց ու գարեջրից, զոհեր չէին մատուցանում աստվածներին: Վախենալով սովից` Կումարբին և Էան դարձի էին կոչում Թեշուբին, և երկրի վրա առատություն է իշխում: Թեշուբի քույրը` պտղաբերության Իշտար աստվածուհին, իր երգերով ու կանացի թովչանքով ձգտում էր հրապուրել նրա թշնամուն՝ ժայռակերտ կիսավիշապ-կիսամարդ Ուլլիկումիին, որը ծնվել էր ծովում և նրա ալիքների մեջ էր մեծանում, հզորանում` օրական մեկ կանգուն և մեկ գան, ինչպես Սասնա դյուցազունները: Ծովի մեջ նա մեծացավ հսկա աշտարակի նման, նրա գոտկատեղին դուրս էր մնում ծովի հայելուց, իսկ գլուխը կորչում էր ամպերի մեջ: Քարե տիտանի դեմ կռվի ելած Թեշուբը իր կայծակի նետով կիսեց, փշրեց նրան, ինչպես պստիկ Մհերն իր Թուրկեծակիով կտրեց Վանա ժայռը, որ փակվի նրա մեջ և Թեշուբի նման տարին մեկ անգամ դուրս գա քարայրից` աշխարհը լիացնելու:

Ստացվում է, որ հների պատկերացումների համաձայն` ի սկզբանե գոյություն ուներ Տիեզերական ծովը, որը նույնանում է կանացի աստվածության` նախամոր-կույսի կերպարի հետ: Նախամորից ծնվում են ավագ աստվածները` Երկինքն ու Երկիրը, որոնք իրենց աստվածային շառավիղների օգնությամբ ստեղծում են արևը, լուսինն ու աստղերը, լեռներն ու գետերը, բուսական , կենդանական աշխարհն ու մարդկանց: Այս բոլոր առասպելներում առանձնահատուկ տեղ է հատկացված պտղաբերության հետ կապված աստված – աստվածուհիներին, որոնք հովանավորում են ողջ օրգանական աշխարհի զարթոնքը: Սրանք բոլորն էլ մայր-աստվածուհու շառավիղներն են և խտանում են նրա հսկա կերպարի մեջ:

Ակնհայտ է, որ հուրիների այս առասպելները լայն տարածում են ունեցել  ողջ Հայկական լեռնաշխարհի շրջակայքով:

Վանի թագավորության արձանագրություններում բազմիցս հանդիպում է SUE բառը, որ նշանակում է ծով: Հնչյունական և իմաստային տեսակետներից այդ բառը լիովին համապատասխանում է հայկական «Ծով» գոյականին, ինչպես ժամանակին նկատել է ակադեմիկոս Գ. Ա. Ղափանցյանը, Մհեր-կապուսիի կրոնական արձանագրության մեջ SUE բառն ունի D – աստված դետերմինատիվը և իրենով կազմված երկու բարդումներ: Դրանցից մեկը վերծանում է իբրև D’SUINISINI՚ և ընկալվում իբրև «Ծովայի», «Ծովիան», «Ծովիալ» հատուկ անուն: Բարդված երկրորդ D ՙSUININAUE՚ բառը ընկալվում է իբրև ծովերի աստված:

Ըստ այդմ՝ ակնհայտ է դառնում Միտանիի և Վանի թագավորության կապը և «Ծովերի աստված» հորջորջումը Վանի արձանագրությունների մեջ, արդեն իսկ խոսում է հուրրիների և վանեցիների պանթեոնների հնամենի կապերի մասին: Խնդիրը դրանով չի սպառվում:

Միտանիի և Վանի ավագ աստվածների նշված ընդհանրությունը հաստատվում է նաև Թեշուպ-Թեյշեբա աստծո առկայությամբ, որը փոխ է առնված հուրրիական պանթեոնից, պատկանում է երիտասարդ աստվածների խմբին և ինչպես հուրրիների մոտ` Վանի երեք գլխավոր աստվածներից մեկն է, կապված է պտղաբերության պաշտամունքի հետ ամպրոպ-կայծակի իր ֆունկցիայով (Թեշուբը, Սանասար – Բաղդասարն ու Վահագնը), նաև ռազմի ու հաղթանակի գաղափարների հետ` իր կայծակ նշանով, ինչպես հուրրիական Թեշուբն իր կայծակ-նետով կամ փոքր Մհերն իր Թուր կեծակիով: Հասկանալի պատճառներով Վանի հին ու նոր աստվածների կռիվների հետևանքով Թեյշեբան` Խալդիի և Շիվինիի հետ միասին, դարձել էր գլխավոր աստված, իսկ ծովի, երկնի ու երկրի հին աստվածները մղվել էին երկրորդ պլանի վրա և աստվածների ցուցակում գրավում էին ետին տեղերից մեկը:

Վանի առասպելները մեզ չեն հասել, սակայն այն, որ այս պատկերացումները խոր արմատներ են գտնում նախաաքեմենյան հայերի մոտ և ապա հարատևում դարեր շարունակ, ինքնըստինքյան հաստատում է մեր դիտողության ճշմարտացի լինելը:

«Ծով», «Երկինք», «Երկիր» աստվածությունները պահպանվեցին հայ կրոնի մեջ աքեմենյան և հելլենիստական ժամանակներում ևս, սակայն անձնավորվեցին, ստացան հատուկ անուններ: «Ծով» աստվածությունն, ըստ երևույթին, ստացավ Ծովինար հատուկ անունը, «Երկինք»-ը,  առավ Արամազդ անունը, իսկ երկիրը` Սանդարամետ:

Ծովի աստվածության առկայությունը հին հայոց կրոնում լավագույնս հաստատվում է Սասնա ծռերի տարբեր պատումներում պահպանված նկարագրություններով և դա նույն Աստվածամայրն է, ինչպես Նամմուն շումերների, Թիամաթը բաբելացիների, Մեծ ծովը հուրրիների, ծովերի աստվածը վանեցիների մոտ:

Այս ամենից կարելի է մեկ անգամ ևս հաստատել «Ուրարտու» ասվածի մտացածին լինելը, քանզի նույնիսկ առասպելաբանությունն է ապացուցում, որ հայը և ուրարտացին նույնն են, որ Վանի թագավորությունը Միտանիի անմիջական շարունակողն է և որ այս երկու թագավորություններն էլ հայկական էին:

Կասկած չկա, որ Ծովիան-Ծովիալ-Ծովինարը իմաստաբանական առումով ու հատուկ անվան արմատով (ծով-SUE) համապատասխանում է Վանի SUIWINAUE (ծովային ոգի, աստված) բարդ բառին, որի մեջ առկա է SUI (ծով) բառի սեռական հոլովին կցված NAUE բառը, որ կարող է ոգի իմաստն ունենալ:

Եվ առաջին հերթին` կենարար ջրի ուժը, ջուր, որը հանդես է գալիս Սասնա ծռերում ծովի և կնոջ, կույս կնոջ, ծովի ոգու, ծովի աստվածուհու, Ծովինարի (Արմաղանի) կերպարանքով:

Ջրին ու կայծակին զուգահեռ Ծովինարը կույս է, կին է, աստվածամայր է, նա միավորում է մի կոմպլեքսի մեջ շանթ-որոտի-երկնային հրի, սրբազան ջրի ու մարդկային սերնդի հարատևման գաղափարը: Նա կույս է նույնքան, որքան կույս են խուրիական և ուրարտական ծովի աստվածները. նա հղիանում է աղբյուրի, ծովի ջրից, սուրբ ջրից, ինչպես Նամմուն` մեծ ծովի մեջ. նա իր երկվորյակներին լույս աշխարհ է սերում աստվածավայել ձևով` Սանասարն ու Բաղդասարը դուրս են ժայթքել Ծովինարի բերանից, ինչպես Թեշուբն ու իր եղբայրները հուրրի աստվածների թագավոր Կումարբիի բերանից: Նրանք ծնվում են շումերական Ան (երկինք) և Կի (երկիր) երկվորյակների նման` ծովի հզոր նախամայր Նամմու-Ծովինարից: Նրա ջրածին զավակներն ու նրանց բոլոր ժառանգները, Սասնա բոլոր դյուցազունները ամրանում, հզորանում են ջրի մեջ, հիպերբոլիկ չափեր են ստանում, ինչպես հուրրիական Ուլլիկումմին:

Ինչպես երևում է, Ծովինարը պատկանում էր նախամայր աստվածուհիների այն խմբին, որոնք ներկայացված են հուրրիական, շումերական ու բաբելական առասպելներում ու էպոսներում, հին արևելյան կրոնական արվեստի բազմաթիվ հուշարձաններում` շեշտված մայրական հատկանիշներով, հաճախ հղիության կամ ծննդաբերական վիճակում:

Եվս մեկ անգամ է փաստվում, որ Սասնա ծռերը միջնադարում ձևավորված էպոս չէ, այլ ունի վաղագույն արմատներ, որոնք հասնում են մինչև շումեր, միգուցե ավելի վաղ շրջաններ:

Օգտագործվել են Հարություն Մարտիրոսյանի աշխատությունից հատվածներ:

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրընյութի հիպերակտիվ հղումով: