Ծերուկների ժամանակն անցել է

8

Արցախը կամ ընդհանրապես Հայաստանն ինչ-որ պետության մեջ մտցնելը կամ միացնելը հիվանդ մարդու երևակայության արգասիքը կարող է սոսկ լինել: Բայց պարզվում է` մեր որոշ «հայրենակիցներ» (չնայած կասկածի տակ է նրանց ծագումնաբանությունը), դեռևս երազում են Հայաստանը Արցախի հետ միասին տեսնել այլ երկրի կազմի մեջ: Հենց այս մարդկանց ու նրանց հետ համագործակցողների շնորհիվ է, որ տարիներ առաջ Ղարաբաղյան պատերազմը ոչ հայանպաստ ձևով կասեցվեց և հենց նրանց թեթև ձեռքով է, որ Ռուսաստանն այսքան մեծ գերակայություն ունի այս երկրում: Այս երկուսը խոնարհ ծառայի հոգեբանություն ունեն: Ինչպես հասկացաք խոսքը վերաբերվում է գրող, հրապարակախոս Զորի Բալայանին և գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին: Այս երկու անձինք մեկ-մեկու ձայն տված կրկնում են և խնդրում են Ռուսաստանին, որ վերադառնա 1813թ. չարաբաստիկ Գյուլիստանի պայմանագրին, շարունակում են փրկություն փնտրել Ռուսաստանի գրկում և իրենց վախկոտ երևակայության ծիրում Հայաստանն ուղարկում հավերժական կործանման:

Իհարկե, գաղտնիք չէ, որ այսօր էլ Հայաստանն իր անկախությունն իրապես միայնակ չի կարողանում վայելել, որ դեռևս սահմանի վրա ռուսներն են և հայաստանյան բոլոր ռազմավարական կարևորություն ունեցող օբյեկտների տերը ևս Ռուսաստանն է: Այսինքն՝ Հայաստանը Ռուսաստանից կախման մեջ է, բայց անկախ պետություն  է:

Այս անձինք նույնիսկ նեղվում են այն բանից, որ հայը իրեն անկախ է զգում, նեղվում են անկախ հայի հոգեբանությունից և օր առաջ ձգտում են հասնել ստրկացման:

Այս անձանց հարկավոր է մեկուսացնել Հայաստանից, թույլ չտալ, որ նրանք մոտենան Հայաստանին, չպետք է թույլ տալ, որ նրանք խոսեն Արցախյան խնդրից, էլ չասենք Հայաստանի անունից որևէ ինքնակոչ հայտարարություն անեն: Հայտնի է, որ Տեր-Գիրգորյանցը 90-ականների սկզբներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար, ազգային հերոսի կոչում ունի, իսկ Զորի Բալայանը  ԼՂՀ անկախության ձեռքբերման և ամրապնդման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչման և պարգևատրվել «Ոսկե Արծիվ» շքանշանով և այլն, բայց մի՞թե ժամանակը չի եկել իրապես մտածելու, թե ովքեր են մեր ազգային հերոսները, արդյո՞ք նրանք արժանի են այդ կոչմանը, երբ ազգավաճառությամբ են զբաղված, թե ամեն ինչ այնքան է աղավաղվել և արժեզրկվել, որ Հայաստանն ու Արցախը պատրաստ են հանձնել ռուսին կամ ցանկացած ուրիշին և շարունակել մնալ ազգային հերոս: Ազգային հերոսը պետք է ծառայի հայ ազգին և ոչ՝ օտարներին: Ցավոք, մեր երկրում ամեն մի ազգային կորցրել է իր իմաստը, փոխել բովանդակությունը: Այսօր ազգայինը ոտնահարվում է շարքային դավաճանների և ազգածախների շնորհիվ: Պետք է կանգնեցնել նրանց և թույլ չտալ, որ Հայաստան անունն անգամ բարձրաձայն հնչեցնեն: Արդեն ասել ենք, մեկ անգամ էլ կկրկնենք, Պետրոս Գետադարձերի վերջը պետք է ազգովի տանք, որ չծլարձակեն: 

var addthis_config = {“data_track_addressbar”: true};