Թուրքական արխիվում համշենահայերի մասին երկու փաստաթուղթ է հայտնաբերվել

16

Թուրք հետազոտող Էրոլ Քեթենջին Ստամբուլում կառավարության օսմանյան արխիվում Համշենի և համշենահայերի վերաբերյալ կարևոր տեղեկություններ պարունակող երկու փաստաթուղթ է գտել. «Ակօս» շաբաթաթերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

1913 թվականի հունիսի 1-ով թվագրվող փաստաթղթերից մեկը Օսմանյան բանակի գլխավոր շտաբի կողմից Ներքին գործերի նախարարությանը ուղարկված փաստաթուղթ է, որում նշվում է, որ «Համշենի շրջանի գյուղերի (անունները մեկ առ մեկ հիշատակվում են փաստաթղթում) Համշեն անունով հայտնի բնակչությունը հայկականությունից հեռացած մահմեդականներ են»: Երկրորդ փաստաթուղթը (1913 թվականի հունիսի 3) Ներքին գործերի նախարարության կողմից Տրապիզոնի նահանգապետարան ուղարկված պաշտոնական գրություն է, որի մեջ մեկ առ մեկ նշված են գյուղերի անուններ, որոնց բնակչությունը «ծագումով հայեր են, բայց կրոնափոխ են եղել»:

Փաստաթղթերի մասին կարծիք է հայտնել Երևանի Պետական Համալսարանի հայագիտության և բանասիրության ֆակուլտետի դասախոս Հայկազուն Ալվրցյանը:

Նա հայտնել է, որ Համշենի և համշենցիների շուրջ վերջին շրջանում հետաքրքրությունը մեծացել է և գիտական աշխատությունների կողքին կան նաև պատվերով գրված աշխատություններ: Վերջինները, ըստ մասնագետի, հիմնականում միտված են իսլամացված համշենցիների պատմությունն ամբողջապես խեղաթյուրելուն: Հիմնականում համշենահայերը ներկայացվում են որպես թուրքական ծագում ունեցող տարր: «Չնայած համշենցիները իրենց երբեք թուրք չեն ներկայացրել, բայց նրանց մեծամասնությունը վախից կամ այլ գործոնների պատճառով չեն բարձրաձայնել իրենց հայկական ինքնության մասին»,-ասել է Ալվրցյանը:

Նրա կարծիքով փաստաթղթերը գիտական բացահայտումներ են ներկայացնում, որոնք Ալվրցյան ներկայացրել է 4 կետով.

1. Հերքվում են Թուրքիայի իշխանությունների և նրանց ուղղորդմամբ «գիտական պնդումներ» առաջ քաշող շրջանակների մեկնաբանությունները թե համշենցիները հայեր չեն:

2. Փաստաթղթերում տեղ գտած «համշենցիների միամիտ և անփորձ լինելու պատճառով այնտեղ միսիոներների գործունեությունը շատ հետ կլինի» արտահայտությունը ուշագրավ է: Հետաքրքիր է, որ արմատներով հայ, սակայն կրոնափոխ ներկայացվող համշենցիների հարևանությամբ նաև մահմեդական լազեր են բնակվում, սակայն վերջիններիս համար չեն վախենում, որ կարող են միսյոներների թակարդը ընկնել: Միգուցե փաստաթղթի հեղինակները «միսյոներ» անվան տակ հայերին են նկատի ունեցել:

3. Փաստաթղթերից ստացած տեղեկությունների համաձայն՝ համշենահայերի իսլամացումից անցել է 200 տարի, սակայն իշխանությունները վախենում էին որ համշենահայերը կարող են վերադառնալ իրենց հայկական ինքնությունը և նախահայրերի կրոնին:

4. Վերջապես փաստաթղթերը շատ կարևոր հարց են օրակարգ բերում. Ովքե՞ր, ե՞րբ և ինչո՞ւ են համշենահայերի պատմությունը ցանկացել աղավաղել:

Էրոլ Քեթենջին հավելել է, որ փաստաթղթերի հայտնաբերումը ցույց է տալիս, որ որևէ բան հավերժ գաղտնի չի կարող մնալ: