«Երեխա՞ ես, ինչ է, որքա՞ն կարելի է փեշերիցս կառչած մնալ». Թալեաթի կինը՝ ամուսնուն

267

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում Հակոբ Չաքրյանի աշխատությունից մի հոդված, որտեղ հեղինակն անդրադառնում է Թալեաթ փաշայի մահվան օրը տեղի ունեցած միջադեպը վերջինիս և նրա կնոջ միջև: Պարզվում է՝ հրեշը վախը սրտում էր ապրում և կնոջն ամենուր իր հետ էր տանում: Նշենք, որ այս հոդվածը տարիներ առաջ տպագրվել է նաև «Ազգ» օրաթերթում:

«Հայատյացությունը թուրքական իրականության առանձնահատկությունն է, ինչպես նաեւ այլ ժողովուրդների նկատմամբ թուրքերի դարավոր ավանդական «հանդուրժողականության» չափանիշը: Իրականություն ասելով՝ պետք է հասկանալ Թուրքիայի պետական եւ հասարակական շրջանակներին, որոնք ժամանակ առ ժամանակ ոհմակի են վերածվում, ինչպես հայ ժողովրդին հասցեագրված հայհոյանքներով վերածվել էին փետրվարի 26-ին Ստամբուլում Խոջալուի «կոտորածի» այսպես կոչված ոգեկոչման հանրահավաքում:

Այլ կերպ, Թուրքիայում պետություն-հասարակություն համերաշխությունը բացի Հայոց ցեղասպանության ժխտողականությունից, անխափան գործում է նաեւ հայատյացության պարագայում: Եթե ժխտողականության շուրջը ձեւավորված համերաշխությունը պայմանավորում է հայերի, թուրքական պետական կառույցների եւ ժողովրդական զանգվածների համատեղ ջանքերով բնաջնջումից բխող հանցագործի՝ պետության եւ հասարակության համար ընդհանուր հոգեբանությունը, ապա հայատյացության պարագայում համերաշխության հիմքը կազմում է բռնության նկատմամբ մղումը, որն էլ հանգեցնում է մարդասպանի փառաբանմանը:

Թուրքական պետությունը փառաբանելու միջոցով հերոսացնում է մարդասպանին, իսկ հասարակությունը հիանում է մարդասպանով, որ հերոսանա: Հասարակության պարագայում խոսքը հանրահավաքներում կամ մարզադաշտերում «Մենք բոլորս Օգյուն Սամասթ ենք» բացականչություններով մարդասպանի նկատմամբ հիանալու մասին է: Իսկ պետության դեպքում հայ ժողովրդի դահիճներին, մասնավորապես Թալեաթ փաշա կոչված արյունարբու գազանին որպես «հայրենիքին անմնացորդ նվիրված անձնուրաց հայրենասերի» մեծարելուն է վերաբերում:

Մեծարման պայմաններում այս մարդասպանը ինքնաբերաբար դառնում է անվեհեր ու մահն է արհամարհում, փոխարենը՝ հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը «ողորմելի, վախկոտ, ահաբեկիչ», իսկ գերմանական դատարանը՝ «հայերի նկրտումներին տուրք տված կամազուրկ ատյան»:

Ի դեպ, նախքան Ստամբուլից ճողոպրելը, 1918-ի նոյեմբերի 1-ին Իթթիհատ վե Թերաքքիի վերջին համագումարում այդ նույն մեղադրանքով Թալեաթը դատապարտել էր եվրոպական եւ ամերիկյան հասարակություններին: Ելույթում նա ասել էր. «Տեղահանության եւ կոտորածների ենթադրությունները վերջին աստիճանի չափազանցված են: Հայկական եւ հունական մամուլը, նախապես կռահելով, թե բռնություն բառն ինչպիսի ծանր ազդեցություն է թողնում թուրքերին բացարձակ չճանաչող, ավելի շուտ վատ ճանաչող Եվրոպայի եւ Ամերիկայի հասարակական կարծիքների վրա, մեկը տասնապատիկ ավելացնելով, աղմկախեղդ են անում աշխարհին: Մինչդեռ պետության գոյության համար վճռորոշ աշխարհամարտի ընթացքում բնական էր եւ անհրաժեշտ անհանդուրժողականության դրսեւորումն այն շարժումների նկատմամբ, որոնք կաշկանդում էին զորքերի տեղաշարժը, թիկունքում ապստամբելով սպառնալիքի տակ էին դնում երկրի ապագան ու բանակի անվտանգությունը»:

Սա նշանակում է, որ տարածաշրջանի համար ժողովրդավարության մոդել հանդիսացող Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում դեռեւս հայ ժողովրդի դահիճ Թալեաթի դիրքերում է: Հակառակ նրան, 1918-ի հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարի կնքումից հետո ձեւավորված մեծ վեզիր Ահմեդ Իզզեթ փաշայի կառավարության դիրքերը ե՛ւ ցեղասպանության, ե՛ւ դահճի հարցերում շատ ավելի առաջադեմ են եղել, մինչեւ Թուրքիայում իշխանության գալը Թալեաթի նկատմամբ վերապահությամբ են մոտեցել քեմալական շարժման ղեկավարները, իսկ Կ. Պոլսո օսմանյան մամուլը գազանին ներկայացրել է իբրեւ չարանենգ ստահակի, արձագանքելով նրա սպանությանը:

Զինադադարի կնքումից երկու օր անց, 1918-ի նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Թալեաթը գերմանական սուզանավով Բոսֆորից Էնվերի, Ջեմալի, դոկտ. Նազիմի, Բեհաեդդին Շաքիրի, Ջեմալ Ազմիի, Կ. Պոլսո ոստիկանապետ Բեդրիի եւ Բեյրութի նահանգապետ Ազմիի հետ ուղեւորվում է Օդեսա, որ այնտեղից քաջաբար Գերմանիա ճողոպրի: Նոյեմբերի 5-ին Իզզեթ փաշան պաշտոնական գրություն է ուղարկում Բեռլին՝ պահանջելով հանձնել Թալեաթին ու նրա ընկերներին, քանի որ պատերազմի հանցագործ են:

1919-ի ապրիլին օսմանյան ատյանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտում Թալեաթին: Սակայն դա չի խանգարում, որ նա բնակություն հաստատի Բեռլինի Շարլոտենբերգ թաղամասում՝ Հարդենբերգ փողոցի առանձնատանը: Պարզապես նրան ահուսարսափ է ներշնչում վրիժառության հավանականությունը: Հետապնդումից խուսափելու համար Թալեաթ փաշան ստանում է Ալի Սալիհ անունը, ֆեսի փոխարեն սկսում է կրել լայնեզր գլխարկ, նույնիսկ սափրում է բեղը:

Ավելին, այն ահուսարսափը, որը Բեռլինում ապրում է Թալեաթը, ստիպում է նրան աղերսագին նամակով դիմել Scotland Yard-ի աշխատակից Օբրի Հերբերթին, որին նա ճանաչում էր դեռեւս Պոլսից, վերջինի՝ Մեծ Բրիտանիայի դեսպանատանը ծավալած երկարամյա գործունեության տարիներին: 1924-ին հրատարակված «Ես ինքս» գրքում Թալեաթի նամակի մասին Հերբերթը գրում է. «Զինադադարի կնքումից (1918-ի հոկտեմբերի 30-ին) մի քիչ էր անցել, Թալեաթն ինձ նամակ էր գրել, ասելով, որ հայկական ջարդի պատասխանատուն ինքը չէ, ի վիճակի է դա ապացուցել եւ ապացուցելու մեծ ցանկություն ունի: Միաժամանակ նշում էր, որ Անգլիայի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավումը բխում է երկու երկրների շահերից, ինձ հետ որեւէ չեզոք երկրում հանդիպելու ցանկություն հայտնում: Ես նրան իմ գոհունակությունը հայտնեցի, տեղեկացնելու համար, որ ինքը հայերի ջարդի պատասխանատուն չէ, բայց եւ այնպես անօգուտ համարեցի մեր հանդիպումը»:

Հանդիպումն, այնուամենայնիվ, կայանում է, սակայն Հերբերթին Թալեաթի ուղարկած անանուն հեռագրից հետո՝ 1921-ի փետրվարի 26-28-ին Դյուսելդորֆում: Հանդիպմանը Թալեաթը վերստին անդրադառնում է հայերի ջարդին, Հերբերթի վկայությամբ՝ նույնիսկ ջարդի վերաբերյալ զեկուցագիր է պատրաստում եւ ցանկանում է, որ Անգլիայի ղեկավարները ծանոթանան զեկուցագրին: Դրա առնչությամբ Հերբերթը գրում է. «Ինչպես Թալեաթն էր ասում, պատերազմի սկզբին հայերը բանակ են կազմել եւ թիկունքից հարվածել ռուսների դեմ կռվող թուրքերին: Դրանում դեր են խաղացել 3 հայ պատգամավորներ: Հետո լուրեր են տարածվել կանանց եւ երեխաների ահավոր սպանության եւ մահմեդականների կոտորածի մասին: Թալեաթը երկու անգամ հակադրվել է հայերի տեղահանությանը: Նույնիսկ նպաստել է հետաքննության անցկացմանը, որի հետեւանքով կախաղան են հանվել մի քանի թուրք եւ քուրդ»:

Այս հանդիպմանը, որը տեղի էր ունեցել Թալեաթի սպանությունից մեկուկես ամիս առաջ, նա չի մոռանում Հերբերթին ասել, որ մահից բացարձակապես չի վախենում: Սակայն նրա կինը՝ Հայրիե խանումը, Մուրադ Բարդաքչին տված հարցազրույցում ճիշտ հակառակն է պնդում: «Հիշո՞ւմ եք փաշայի սպանության օրը», հարցին Հայրիե խանումը պատասխանում է. «Այդ օրը հյուրեր ունեինք, ժամը 11-ին հրավիրել էինք ճաշի: Ինձ ասաց՝ մինչեւ ճաշկերույթը գնամ փողկապ առնեմ Ռեֆիք բեյի հետ: Դռնից դուրս գալուց՝ ավելացրեց. «Սիրտս բոլորովին դուրս գալ չի ուզում: Տերը վկա, ամենեւին չեմ ուզում մոտիցդ հեռանալ»: Ես միջամտեցի. «Դե փաշա, դու արդեն համը հանում ես: Ի՞նչ է, երեխա ե՞ս, որքան կարելի է իմ փեշից կառչած մնալ»: Պատասխանեց. «Ի՞նչ իմանամ, քո ներկայությունը ինձ մի տեսակ ուժ է տալիս»: Ասացի. «Ընդամենը պիտի գնաս մի փողկապ առնես ու գաս, ես քեզ հետ դուրս չեմ գա»: Արդեն տանն էլ մարդ կար»:

Այնուամենայնիվ, 1921-ի մարտի 15-ին՝ երեքշաբթի օրը՝ ժամը 11-ի կողմերը Թալեաթը փողոց է դուրս գալիս: Նույն պահին Հարդենբերգ փողոցի դիմացի մայթում հայտնվում է Սողոմոն Թեհլերյանը, առաջանում եւ փոխում է մայթը: Ահա թե ինչպես է նկարագրում այդ պահը հայ վրիժառուն. «Ձեռնափայտը անփույթ ճոճելով քայլում էր: Երբ հավասարվեցի, Թալեաթը շեշտակի նայեց ինձ, աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը: Վերջին քայլը բեկվեց, մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքը քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ… Թալեաթը երեսի վրա տապալվեց: Սեւ, թանձր արյունը վայրկենապես լճացավ նրա գլխի շուրջը, կարծես ջարդված անոթից մազութ էր թափվում…»:

«Ազատ Ձայն» լրատվականինյութերնօգտագործելիսպարտադի՛րնշեքսկզբնաղբյուրընյութիհիպերակտիվհղումով:

 

SHOWED 6030