Եվրոպայում նոր զարգացումներ. ի՞նչ կլինի Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալուց հետո

4

Մեծ Բրիտանիայում ամփոփվել են Եվրամիության կազմից դուրս գալու (Brexit) հարցով անցկացված հանրաքվեի նախնական արդյունքները: Եվրամիությունից դուրս գալու օգտին քվեարկել է 52%-ը կամ 17 միլիոն 61 հազար մարդ, իսկ դեմ՝ 48%-ը կամ 15 միլիոն 864 հազար մարդ: 

Շոտլանդիան և Հյուսասային Իռլանդիան կողմ են քվեարկեմ ԵՄ կազմում մնալու:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Եվրամիության կազմում մնալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո հրաժարական է ներկայացնել: Նա նշել է, որ պաշտոնից կհեռանա մինչև հոկտեմբեր ամիս, երբ կկայանա Պահպանողական կուսակցության համագումարը:   

Հանրաքվեի արդյունքներին հետևեցին ԵՄ անդամ պետությունների ղեկավարների ելույթները:

ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը մասնավորապես հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում հանրաքվեի արդյունքը մեծ ափսոսանք է առաջացնում, և հունիսի 28-ին Բունդեսթագի անդամները կտեղեկացվեն այդ որոշման վերաբերյալ ԳԴՀ-ի կառավարության  դիրքորոշման մասին:«Մենք պետք է մեծ ափսոսանքով ի գիտություն ընդունենք բրիտանական քաղաքացիների մեծամասնության որոշումը, որոնք ցանկանում են վերջ տալ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցությանը», – ասել է նա:

Մերկելը նշել է, որ Դոնալդ Տուսկին, Ֆրանսուա Օլանդին եւ Մատտեո Ռենցիին Բեռլին է հրավիրել իրավիճակի շուրջ բանակցությունների:

ԵՄ ղեկավարներն էլ իրենց հերթին հայտարարեցին, որ Բրիտանիան պետք է չհետաձգի ԵՄ-ից դուրս գալու գործընթացը:

Արձագանքել են նաև Հյուսիսային Իռլանդիայի պաշտոնյաները: Մասնավորապես Հյուսիսային Իռլանդիայի խոշորագույն ազգայնական  «Շինն Ֆեյն» կուսակցությունը հայտնել է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի անջատումը հիմք կդառնա Իռլանդիայի հետ վերամիավորման հանրաքվե անցկացնելու համար:

«Այդ արդյունքը կտրուկ փոխում է քաղաքական լանդշաֆտն այստեղ`Իռլանդիայի հյուսիսում, և մենք ակտիվացնում ենք հանրաքվեի ուղղությամբ ջանքերը»,- հայտնել է կուսակցության նախագահ Դեկլան Կիրնին:

Իսկ Շոտլանդիայում սկսվել է Մեծ Բրիտանիայից անկախացման երկրորդ հանրաքվեի նախապատրաստությունը: Այդ մասին հայտնել է Շոտլանդիայի կառավարության ղեկավար և Շոտլանդական ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Ստերջենը:

Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու որոշումը ողջ աշխարհում հակասությունների տեղիք է տվել: Մի մասը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալով ԵՄ-ը փլուզումն անխուսափելի է, և միգուցե այս քայլը դոմինոյի էֆեկտ ունենա: Որոշները նշում են, որ Բրիտանիայի դուրս գալով չի կարող փլուզվել կառույցը: Կարծիք կա, որ սա աշխարհը կառավարողների հերթական խաղն է՝ նոր աշխարհակարգի ձևավորման ճանապարհին: