Գիլգամեշի և Տորք Անգեղի առնչությունները

376

«Ազատ Ձայն» լրատվականը շարունակում է իր ընթերցողին ներկայացնել «Գիլգամեշ» դյուցազնավեպը: Նախորդ նյութերի շրջանակներում Ձեզ ներկայացրել ենք «Գիլգամեշ» դյուցազնավեպի պնակիտներից մի քանիսը, որոնց նյութը մասնավորապես օգտագործվել է  Աստվածաշունչը գրողների կողմից:  Նշել ենք, որ Գիլգամեշը անմահության համար գալիս էր Աստվածային օրենքների երկիր Հայաստան՝ անցնելով Մաշու (Մասիս) լեռը: Եվ ահա այսօր կներկայացնենք Գիլգամեշի կապը Տորք Ագեղի հետ: Տորքը, ըստ Մովսես Խորենացու, Հայկ նահապետի թոռ Պասքամի որդին էր: Խորենացին նշում է, որ Տորքին ժառադիմության պատճառով Անգեղ էին անվանում: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Խորենացին իր պատմության մեջ նշում է, որ Տորքն իր եղունգներով քարերի վրա պատկերներ էր փորագրում, ըստ այդմ՝ Տորքը համարվում է մեր հնագույն Գրչության աստվածը: Բայց այս նյութի շրջանակներում կփորձենք ձեզ ցույց տալ Գիլգամեշի և Տորքի նմանությունները: Այս հետևության հանգել է «Գիլգամեշ» դյուցազնավեպի թարգմանիչ Նշան Մարտիրոսյանը: Մարտիրոսյանը նշում է, որ գուցե, դյուցազնավեպի ազդեցությամբ է պատմության թատերաբեմում հայտնվել Տորքը, բայց եթե հաշվի առնենք,որ շումերների նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, իսկ Գիլգամեշը շումերական դյուցազնավեպ, ապա շատ հավանական է, որ հենց  նույն «Գիլգամեշ» դյուցազնավեպը գրվել է այստեղի ազդեցության տակ և ոչ՝ հակառակը: Ստորև ներկայացնում ենք Ն.Մարիսյանի Տորք-Գիլգամեշ համեմատությունը՝

«Փոքր Ասիայի հնագույն ազգերը նույնպես, երբ «Գիլգամեշ» դյուցազնավեպը կամ նրա մաս կազմող առանձին լեգենդները թարգմանել են կամ իր ազդեցությամբ նոր դյուցազներգություններ են ստեղծել, հաճախ փոխել են հերոսների անունները: Գիլգամեշը եղել է «Գիշ» կամ «Գիլգամաշ», հայերի մոտ՝ հավանաբար Տորք:

Մեր անմահ պատմահոր՝ Մովսես Խորենացու  կողմից հինգերորդ դարում գրված  և կորուստից փրկված Տորքի երկու զրույցները, որոնց կորիզը անկասկած անհիշատակ ժամանակներից մնացած է, հավանաբար «Գիլգամեշ» դյուցազնավեպի հետ սերտ առնչություն ունեցող փշրանքներ են, որոնք, բերնեբերան ավանդվելով, պահպանվել են Հայաստանի մեջ մինչև Խորենացու օրերը:

Ղազարոս Աղայանի կողմից հավաքված և «Տորք Անգեղ» խորագրով հրատարակած երկում՝ Տորքին վերագրվել են հինգ ժողովրդական զրույցներ, որոնցից երկուսը նման են Խորենացու հիշատակած Տորքյան առասպելներին, և մյուս երեքն էլ պահպանվել են անգիր ավանդությամբ: Այս ժողովրդական առասպելները և զրույցները սերտորեն կամ մի փոքր հեռահար կապ ունեն «Գիլգամեշ» դյուցազնավեպի հետ: Գիլգամեշ դյուցազներգության 12-րդ դրվագի մեջ պատմվում է, թե ինչպես է քաջարի Գիլգամեշը հաստաբուն ծառը արմատով մեկտեղ հանել և ուսին դնելով բերել գյուղաքաղաք՝ զարմանք պատճառելով բնակիչներին: Վերևում հիշատակված հայ ժողովրդական ավանդության համաձայն՝ նույն բանն արել է Անգեղի դժնահայաց  Տորքը՝ հայկական, կամ ավելի ճիշտ՝ հնագույն Փոքր Ասիայի ժողովրդական առասպելների հերոսը՝ իր գերմարդկային ուժը հասարակությանը ցույց տալու համար:

Մեր քերթողահայրը, նկարագրելով Տորքի պատկառելի կեպարանքն ու ուժը, պատմում է, որ նա Ռոստամից ու Հերակլեսից շատ ավելի ուժեղ էր: Խորենացու պատմածի համաձայն՝ Տորքը բլուրի չափ խոշոր քարեր թշնամու նավերի վրա նետելով՝ դրանք ընկղմում էր և այդպիսով փրկում ժողովրդին  չարագործների ու ծովահենների դաժան արարքներից:  Շատ հետաքրքրական և մշակութային պատմության համար հույժ կարևոր է Խորենացու «Հայոց Պատմության»  այն հատվածը, ուր նա մեզ հավատարմորեն պատմում է ժողովրդից լսածը, թե ինչպես Տորքը, խոշոր քարերը ճեղքելով, դրանք սալերի կամ քարե տախտակների կվերածեր և առարկաների պատկերներ կփորագրեր: Այսօր բոլորովին պարզ է, որ «Հայոց Պատմության» մեջ  եղած ակնարկը կենդանիներից և առարկաներից բաղկացած մեհենադրոշմների մասին է, որոնք գործածվել են  սեպագրերի հետ միաժամանակ մի շարք հին ազգերի կողմից  մ.թ.ա առաջին հազարամյակի ընթացքում:

Շումերացի գրողը մեզ ներկայացնում է միայն իր հերոսների՝ Գիլգամեշի և Էնկիդուի ֆիզիկական ուժը, չարաքարշությունն ու մարտնչումները: Մինչդեռ Խորենացու Տորք Անգեղը  միևնույն ժամանակ քարե տախտակ շինելու և դրա վրա մեհենադրոշմներ փորագրելու նուրբ արվեստի հմուտ դպիրն է»:

Հայ-շումերական առնչություններն այսքանով չեն ավարտվում: «Գիլգամեշ» դյուցազնավեպը և Սասնա Ծռեր Էպոսը ևս ունեն որոշակի առնչություններ, որոնց մասին կներկայացնենք առաջիկայում: