Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը վերջապես բացահայտեց Հայաստանին մատակարարվող չարաբաստիկ գազի պայմանագրի եղելությունը, որն ըստ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ դեռևս չկար:
Հակադրվելով Սարգսյանին՝ Մովսիսյանը պնդեց. «Նման բան չկա, որ պայմանագիր չկա: Եթե ինչ-որ ապրանք է մատակարարվում, բնական է, որ պետք է լինի պայմանագիր, որի երկու կողմերից մեկը ապրանք վաճառողն է, մյուսը՝ ապրանք գնողը»,- ասաց նախարարը:
Նախարարի խոսքով, համաձայն պայմանագրի՝ գազի գինը Հայաստանի սահմանի վրա սահմանված է 1000 խմ-ն 270 դոլար: Եվ Մովսիսյանը փորձելով ինչ որ կերպ արդարացնել վարչապետի հայտարարությունը՝ նշեց, որ Սարգսյանը խոսում էր Ռուսաստանի կողմից սուբսիդավորմանը վերաբերող պայմանագրի մասին:
Իսկ Մաքսային Միությանը միանալու մասին նա հայտարարեց, որ արտահանման հարկերը, որոնք կան ռուսական դաշտում, դրանք այլևս չեն կիրառվելու Հայաստան ներկրվող գազի վրա: Դա կազմում է շուրջ 30 տոկոս: «Այսինքն՝ Հայաստան ներկրվող գազը լինելու է ռուսական գազի գին գումարած տրանսպորտային ծախսերը, որը պետք է այն Հայաստան հասցնելու համար: Հաշվարկները ցույց են տալիս, որ թանկացում չի լինի»,- ասաց նա:
Եվ Մովսիսյանի խոսքով՝ դեռ որոշակի գործընթացներ կան, որոնք անցնելուց հետո նոր Հայաստանը կազատվի այդ 30 տոկոս հարկերից, որից հետո էլ գազի գինը սահմանի վրա կմնա նույն 189 դոլարը»,- նշեց նախարարը: Միաժամանակ Արմեն Մոսվսիսյանն ասաց, որ որևէ այլ պարտավորություն չեն ստանձնել ռուսական կողմի առջև:
Ըստ Մովսիսյանի Մաքսային Միությանը միանալն այդքան էլ հեշտ գործ չէ և աշխատանքային խմբերը գիշեր-ցերեկ աշխատում են դրա վրա:













